Հասարակական

Դատախազությունը տեղեկություն չունի դասալքության մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը տեղեկություն չունի դասալքության մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գլխավոր դատախազությունն արձագանքել է տարածվող լուրերին այն մասին, թե դասալքության մեղադրանքով Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Դմիտրիյ Սետրակովին Հայաստանում ձերբակալել են ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և տեղափոխել Գյումրիի 102-րդ ռազմաբազա։

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:

«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնել էր, որ ռուսական զինված ուժերի պայմանագրային զինծառայող Դմիտրիյ Սետրակովը ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժումից հետո տեղափոխվել է Հայաստան։ Սաքունցը, հղում անելով մարդու իրավունքների ոլորտի ռուս ակտիվիստների, հայտարարել էր, որ Սետրակովին Հայաստանում ձերբակալել են ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն ու տեղափոխել ՀՀ-ում ռուսական ռազմակայան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում