Հասարակական

Հայկական իրականության վավերագրողը 105 տարի. «Արմենպրես»-ը ցուցահանդեսով, նոր բաժինների շնորհանդեսով տոնեց տարեդարձը

14 րոպեի ընթերցում

Հայկական իրականության վավերագրողը 105 տարի. «Արմենպրես»-ը ցուցահանդեսով, նոր բաժինների շնորհանդեսով տոնեց տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր հինգ տարի շարունակ «Արմենպրես»-ը վավերագրում, հանրությանն է ներկայացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններն ու զարգացումները: Մատը զարկերակին պահելով՝ գործակալությունը հանրահռչակում է և՛ դեմքերը, և՛ դեպքերը: «Արմենպրես»-ի լուսանկարիչների սուր աչքից չի վրիպում ոչ մի նշանակալի միջոցառում, ոչ մի ականավոր անհատ, ինչի շնորհիվ գործակալությունը հարուստ արխիվ ունի:

405998784_3258066091153290_1791523395595747571_n.jpg (321 KB)

Հենց այդ արխիվի հետաքրքրաշարժ դրվագները «Արմենպրես»-ի հիմնադրման օրը՝ դեկտեմբերի 18-ին, գործակալությունը ներկայացրեց հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դարի վավերագրություն» ցուցահանդեսում, որը մեկ հարկի տակ էր համախմբել և՛ պաշտոնյաների, և՛ հասարակական, քաղաքական գործիչների, և՛ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալություն տնօրեն Նարինե Նազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին խորհրդանշական օրը գործակալության կողքին լինելու համար:

««Արմենպրես» լրատվական գործակալությունը 105 տարեկան է: Մենք խորապես գիտակցում ենք դարի ստեղծած ժառանգության կրողները լինելու մեր պատասխանատվությունը: Դար, որ պարզապես ժամանակագրություն չէ, այն պատմություն է, ստեղծած արժեքներ, բացառիկ իրադարձություններ, գործակալության հազարավոր աշխատակիցներ, տասնյակ տնօրեններ, որոնք ձեռագիր են թողել՝ անսահման նվիրումով կերտելով լրագրողական գերազանցության այս փարոսը: Հպարտությամբ եմ ներկայացնում տոնական այս օրը հիշարժան դարձնելու մեր երկու ձեռնարկները»,- շեշտեց նա:

01.jpg (182 KB)

Նազարյանի խոսքով՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրությունը յուրահատուկ վիզուալ ճանապարհորդություն է, հնարավորություն` պատկերների միջոցով մեր գիտակցության մեջ վերստեղծելու տասնամյակների պատմությունը:

«Այս ցուցադրության պատրաստումը մեր ունեցածը վերարժևորելու ևս մեկ առիթ էր: «Արմենպրես»-ում պահպանվող միլիոնավոր ժապավեններն ու թվայնացված լուսանկարները պահոցներում մնալու իրավունք չունեն. դրանք տարբեր նախաձեռնություններով կդառնան հանրության սեփականությունը: Մենք ծրագրում ենք պարբերաբար ներկայանալ թեմատիկ ցուցադրություններով` բոլորին պատմությանը հաղորդակից դարձնելու հնարավորություն տալով»,- հավաստիացրեց «Արմենպրես»-ի տնօրենն ու հավելեց՝ պահպանելով ու մեծապես արժևորելով իր ունեցածը՝ «Արմենպրես» լրատվական ընտանիքի ներկայի սերունդը փորձում է իր հերթին գալիքին նոր արժեքներ թողնել:

02.jpg (182 KB)

Նազարյանի հավաստիացմամբ՝ նոր դար են կերտում, փորձում են դա անել ժամանակի թելադրած լուծումներին համապատասխան, նորարար ու ներառական: Հստակ գիտակցում են, որ Հայաստանի ձայնն են աշխարհում: Փորձում են այդ ձայնը լսելի դարձնել հնարավորինս շատ լեզուներով, քանի որ լեզուն կամուրջն է, որը քանդում է բոլոր սահմանները:

«Գործակալությունը մինչև այժմ հայերեն լրատվական արտադրանքը թարգմանում էր վեց օտար լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն: Այսօր մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ ամիսների աշխատանքի արդյունքում ստեղծվել են կայքի վրացերեն, պարսկերեն և չինարեն բաժինները: Շնորհակալ եմ պետական աջակցությամբ այս ծրագիրը կյանքի կոչելու հնարավորության համար: Թարգմանական բաժինները կադրերով համալրելու գործում իրենց խորհուրդներով մեր կողքին են եղել նաև Հայաստանում Վրաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանությունների մեր գործընկերները: Մենք կանգ չենք առնելու. նոր ձեռնարկների, նոր լեզուների, թվային դարաշրջանին համընթաց քայլելու, նոր լուծումներ ներդնելու, ավելի մեծ լսարաններ ներգրավելու ու ավելի շատ մարդկանց սրտեր գրավելու համար շատ շուտով ևս մեկ լավ նորություն ենք ունենալու՝ արդիականացված ու թվային ժամանակակից պահանջներին համապատասխանող կայք»,- տեղեկացրեց Նազարյանն ու երախտագիտության խոսք ուղղեց բոլոր ներկաներին՝ «Արմենպրես»-ին վստահելու, նրա կողքին լինելու, ավելի բարձր թռիչքի թևեր տալու համար:

08.jpg (232 KB)

Ըստ նրա՝ «Արմենպրես»-ի ընթերցողը գործակալության հարստությունն է՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով:

«Սա առիթ է շնորհակալություն հայտնելու նաև «Արմենպրես» լրատվական ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ նվիրումի, սիրո, արարելու անսպառ ձգտման համար: Մենք անսասան ենք ապագայի լրատվամիջոց կերտելու մեր առաքելության մեջ»,- ասաց Նազարյանը և հյուրերին հրավիրեց դիտելու կարճ տեսանյութ, որը պատկերում էր «Արմենպրես»-ի ստեղծման մասին Ազգային արխիվին ի պահ տրված բացառիկ փաստաթղթեր:

Կարճ, սակայն ընդգրկուն տեսանյութը դիտելուց հետո ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Արմենպրես»-ի նոր բաժիններին:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհավորեց լրատվական գործակալությանը, որն իր առաքելությունն իրականացնում է ավելի քան մեկ դար։ Նրա համոզմամբ՝ այսօր առավել քան երբևէ կարիք կա վստահելի, անկողմնակալ և ազատ մամուլի:

«Որպես Վրաստանի դեսպան՝ ես շնորհակալ եմ և ուրախ, որ «Արմենպրես»-ը վրացերենն ավելացրեց իր լրատվական կայքում: Թվայնացման դարաշրջանում լեզուն դեռևս վճռորոշ դեր է խաղում թիրախային լսարանին հասնելու, լուրեր հաղորդելու համար: Կրկին շնորհակալություն վրացերենի ավելացման համար, դա մեծապես գնահատվում է»,- ասաց նա:

Ըստ դեսպանի՝ վրաց-հայկական հարաբերություններում օրեցօր ավելանում են այս և շատ այլ հիմնաքարեր: Նա հպարտությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև համագործակցության ծավալը հասել է առավելագույնի քաղաքականության, տնտեսության, մշակույթի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Դեսպանը հիշեցրեց, որ 2023 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն արտոնություն ունեն սահմանը հատելու առանց անձնագրի, միայն կենսաչափական նույնականացման քարտերով, ինչն է՛լ ավելի է ամրապնդում և խորացնում վրացիների և հայերի միջև համագործակցությունն ու բարեկամությունը։ «Ինչպես գիտեք, այս տարվա դեկտեմբերի 15-ին՝ բառացիորեն մի քանի օր առաջ, Վրաստանը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի համար պատմական քայլ է դեպի Եվրոպական Միություն։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Վրաստանը կդառնա ԵՄ լիիրավ անդամ։ Միանշանակ հուսադրող է, որ մենք ականատես եղանք ԵՄ արտգործնախարարների խորհրդի միաձայն որոշմանը՝ կապված Հայաստանի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի հետ։ Սա շատ դրական զարգացում է, Եվրոպական խորհրդարանը ողջունում է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ մերձենալ Եվրամիությանը»,- շեշտեց Գիորգի Շարվաշիձեն ու հավելեց՝ ցանկացած ժողովրդավարության հիմնաքարը անկախ, պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվամիջոցն է, իսկ «Արմենպրես»-ը 105 տարի շարունակ նորություններ է բերել և մատուցել հայ հասարակությանը:

09.jpg (234 KB)

Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ուրախ էր միջոցառմանը մասնակցելու համար: Նա շնորհակալություն հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը և պարսից լեզվի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողներին, պարսկախոսներին գործակալությունում պարսից լեզվի գործարկման կապակցությամբ:

««Արմենպրես» լրատվական գործակալության այս քայլը ցույց է տալիս գործակալության համար իրանցի և պարսկալեզու լսարանի կարևորությունը: Սա արժանի քայլ է, քանի որ շատ կարևոր դեր է խաղում Հայաստանը իրանցիներին և պարսկախոս մարդկանց ներկայացնելու և երկու երկրների փոխըմբռնման և փոխճանաչողության առումով: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի հարգարժան կառավարության ջանքերն՝ ուղղված հարևան երկրներից մեկի լեզուն սովորելուն, որը վկայում է խաղաղ գոյակցության համար այդ կառավարության հեռանկարային քայլերի մասին, և համարում ենք խաղաղության և բարեկամության ու մարդկային շփումների ավետաբեր»,- շեշտեց նա:

03.jpg (257 KB)

Դեսպանը պարսկերենի տարածումը Հայաստանում համարում է սոցիալական կապիտալ երկու երկրների ժողովուրդների համար և մշակութային տարր երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման ուղղությամբ:

«Հայաստանի կառավարությանը և ժողովրդին մաղթում եմ երջանկություն և բարօրություն և կանխավ շնորհավորում եմ Ամանորը: Հուսով եմ, որ գալիք տարին Հայաստանի ժողովրդի համար կլինի առատության, խաղաղության և բարօրության, իսկ երկու երկրների համար՝ հարաբերությունների և բարեկամության ընդլայնման տարի: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- եզրափակեց դեսպան Մեհդի Սոբհանին:

04.jpg (203 KB)

Շնորհավորելով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 105-ամյակի առթիվ՝ Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը ողջունեց գործակալության լրատվական թողարկումների պաշտոնական մեկնարկը տարբեր լեզուներով, այդ թվում՝ չինարեն:

05.jpg (233 KB)

«Ավելի քան մեկ դար «Արմենպրես»-ը լծվել է Հայաստանի ձայնն արտաքին աշխարհին հասցնելուն՝ ստանձնելով Հայաստանի կամուրջն ու պատուհանը լինելու կարևոր դերը։ Հավատում եմ, որ այս նոր հարթակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը նոր ու ավելի մեծ ներդրում կունենա Հայաստանի ազգային զարգացման գործում և Հայաստանը ավելի լավ կներկայացնի աշխարհին»,- ասաց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

06.jpg (180 KB)

Նրա բնորոշմամբ՝ Չինաստանը և Հայաստանը լավ գործընկերներ ու բարեկամներ են։ «Որպես հայկական պաշտոնական լրատվամիջոց՝ «Արմենպրես»-ն աշխատանքային հարաբերություններ է հաստատել Չինաստանի գործընկերների հետ։ Վստահ եմ, որ «Արմենպրես»-ի լրատվական ծառայության չինական տարբերակի գործարկումը մեծապես կնպաստի Չինաստանի և Հայաստանի միջև ավելի լավ փոխըմբռնմանը և մշակութային արժեքների փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև կամրապնդի կապերը երկու երկրների ժողովուրդների միջև: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել «Արմենպրես»-ի աշխատանքին և նոր մակարդակի հասցնել լրատվամիջոցների չին-հայկական համագործակցությունը»,- ընդգծեց դեսպանը։

«Դարի վավերագրություն» ցուցահանդեսը, որում հնարավոր է տեսնել Հայաստանի ձեռքբերումները մշակույթի բնագավառում, սպորտում, հայ մեծերին, որոնք մեր արվեստն ու գիտությունն են հանրահռչակել ամբողջ աշխարհում, շենքեր ու շինություններ, գործարաններ, որոնցից շատերն այլևս չկան, քաղաքական և այլ իրադարձություններ, հնարավոր է՝ առաջիկայում շրջի տարբեր մշակութային հաստատություններում՝ հասանելի դառնալով լայն հանրությանը:

«Արմենպրես»-ը, որի պատմությունը սկսվում է 1918 թվականից, Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Oրական հրապարակվում է մոտ 200 հայերեն լուր՝ թարգմանվելով ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն, վրացերեն, պարսկերեն և չինարեն: Գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, որում ներառված են շուրջ 1 մլն լուսանկարներ։ Դրանցից շատերը բացառիկ են և ունեն մեծ կարևորություն պատմության վավերագրման տեսանկյունից։ «Արմենպրես»-ը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է նաև տեսանյութերի արտադրմամբ ու պոդքաստային ծառայությունների մատուցմամբ։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա, Աֆրիկայից մինչև Ասիա. «Արմենպրես»-ը վերջին տարիներին համագործակցության պայմանագրեր է կնքել ավելի քան 30 լրատվական գործակալության հետ։ Միջազգային սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս օտարերկրյա գործընկերների հետ իրականացնել համատեղ միջոցառումներ ու նախագծեր, փորձի փոխանակում և լրագրողների վերապատրաստումներ։ Այս համագործակցությունները հնարավորություն են տալիս լավագույնս ներկայացնել Հայաստանն ու մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում