Հասարակական

Բելգիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել

2 րոպեի ընթերցում

Բելգիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը ողջունել է դեսպանին ու շնորհավորել նշանակման կապակցությամբ։

Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստան բռնագաղթելուց հետո ստեղծված իրավիճակն ու բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքը։

«ՆԳ նախարարը կարևորել է նաև Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանի երկրների համար ենթադրում է կայուն, անվտանգ միջավայր և կարող է հանդիսանալ որպես խաղաղության երաշխիք։

Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոսել է երկկողմ սերտ ու արդյունավետ համագործակցության մասին և Բելգիայի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, համալրման գործընթացը, ինչպես նաև ենթակա ծառայություններում՝ Ոստիկանությունում, Փրկարար, Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում բարեփոխումների ընթացքը։

Նշվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման, անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում