Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել սերտ համագործակցությունը կինոոլորտում իրականացվող քաղաքականության բարելավման հարցում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, կինոոլորտի ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված կարևոր իրադարձություններին։ Նրա նշմամբ՝ սա ցույց է տալիս այն աշխատանքը, որն արվում է կինոոլորտի նվիրյալների կողմից, որպեսզի հայկական կինոն, անիմացիան զարգանան և լինեն հանրության կյանքի կարևոր մի մաս։

«Կինոն մեր պատմության վատ ու լավ օրերի ուղեկիցն է: Հիշելով տարբեր դրվագներ՝ կինոն դառնում է մեր զգացողությունները փոխանցելու, մեր սեփական պատմությունը միմյանց պատմելու պատկերային միջոց: Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը: Այս համատեքստում մենք հրաշալի հաջողություններ ունենք: Օրերս էլ վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է մրցանակի»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ հուշագիրը ստորագրվում է Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական տարում և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ, ինչը խորհրդանշական է. «Մեզ հասած ժառանգությունը լավ իմաստով մեր պարտավորությունն է, մեր պատմությունը, որը, վստահ եմ, կշարունակենք նույնքան արժանավայել և բարձր պատասխանատվությամբ՝ փոխանցելով այն սերունդներին»,- նշել է նախարարը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Նա մեծ դրվատանքով է խոսել ոլորտում իրենց քայլերն անող երիտասարդների մասին՝ ընդգծելով, որ առկա իրավիճակում բարենպաստ պայմաններ կան նրանց առաջխաղացման և մասնագիտական կայացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հորդորել է երիտասարդներին լայնացնել մասնագիտական մտահորիզոնը, ստեղծագործական կարողությունների սահմանները, ինչպես նաև ակտիվացնել փոխգործակցությունն արտերկրի գործընկերների հետ՝ սովորել ու փորձով հարստացած վերադառնալ Հայաստան և արարել հայրենիքում:

Նշենք, որ համագործակցության հուշագրի նպատակն է ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության սերտ համագործակցությունը կինոոլորտում իրականացվող քաղաքականության բարելավման հարցում: Այն միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը՝ նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում: Հուշագիրը կնպաստի նաև կինոծրագրերի միջոցով նախարարության կրթական և մշակութային ռազմավարական ծրագրերի աջակցմանը, կինոյի միջոցով կրթական, մշակութային, ստեղծարար և նորարար ծրագրերի, նախագծերի իրագործմանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում