Հասարակական

Հայաստանն ստորագրել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ստորագրել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 16-ին կայացել է Հայաստանի կողմից «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Միջազգային արևային դաշինքի համահիմնադիր երկրների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչից հետո ստորագրված բնօրինակը պաշտոնապես հանձնվել է Համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Համաձայնագիրն այնուհետև կանցնի վավերացման ներքին ընթացակարգերով և ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից ավանդապահ երկրին վավերացման գործիքի հանձնմանը հաջորդող երեսուներորդ օրը:

Նշվում է, որ Միջազգային արևային դաշինքին Հայաստանի միանալը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:

Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Դաշինքի հայեցակարգը մշակվել է 2015թ. Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի (COP21) շրջանակներում: 2020թ. Դաշինքը փոփոխություններ է կատարել Շրջանակային համաձայնագրի մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունեն միանալու Դաշինքին: Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։ Դաշինքի որոշումներ կայացնող մարմինը անդամ երկրների համապատասխան ոլորտի նախարարների մակարդակով տարին մեկ անգամ գումարվող վեհաժողովն է: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում:

Վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը. վերջին տարիներին մասնավորապես մեծ զարգացում է ապրել արևային էներգետիկան։ Այսօր արդեն արտադրված էլեկտրաէներգիայի կառուցվածքում արևային կայաններն արտադրում են ընդհանուր էլեկտրաէներգիայի ավելի քան 5 տոկոսը. Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է 2030թ. արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել 15 տոկոսի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում