Հասարակական

ԿԽՄԿ-ի «Ռազմադաշտային վիրաբուժություն» երկհատոր ձեռնարկն ամբողջությամբ հասանելի է հայերեն թարգմանությամբ

3 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի «Ռազմադաշտային վիրաբուժություն» երկհատոր ձեռնարկն ամբողջությամբ հասանելի է հայերեն թարգմանությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի ղեկավար Արամայիս Գալումյանը՝ խոսելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի երկրորդ հատորի հայերեն թարգմանություն մասին:

DSC07825.jpg (508 KB)

«Շուրջ 2 տարի առաջ մեր նախաձեռնությամբ սկսվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արդեն 30 տարի անընդմեջ թողարկվող «Ռազմադաշտային վիրաբուժություն» գրքի թարգմանական աշխատանքները: Մենք նկատել էինք, որ հայերենով նման գրականության բաց կա»,- նշեց Գալումյանը:

Նրա խոսքով՝ ռազմադաշտային վիրաբուժությունն իր բնույթով էականորեն տարբերվում է քաղաքացիական բժշկությունից: Նա ընդգծեց՝ կարևոր է հասկանալ, որ ապրում ենք կոնֆլիկտային տարածաշրջանում և մարտահրավերները դեռ առջևում են, որոնց պատրաստվել է պետք:

«Գիրքը ներառում է մեծ տեղեկատվություն առաջնային վերքերի մշակումների, ընդհանուր պատերազմական վիրաբուժության առանձնահատկությունների, հոսպիտալների կազմակերպչական աշխատանքների, այրվածքների մշակման մասին: Երկրորդ հատորը կլինիկական տեղեկատվություն է պարունակում՝ իրանի, գլխի, կրծքավանդակի, որովայնի, վերջույթների վիրավորումների և այլնի մասին»,- ներկայացրեց նա:

Գալումյանը ռազմադաշտային վիրաբուժության մակարդակը Հայաստանում միջին է գնահատում։ Միևնույն ժամանակ նա ցավով նկատում է, որ այս ոլորտում Հայաստանի փորձը մեծ է:

«Մենք շատ պրակտիկ փորձ ունենք: Շատ երկրներում գիտելիքները հիմնված են տեսական տեղեկատվության վրա: Բժշկագիտությունը դինամիկ զարգանում է, կոնֆլիկտները, զենքերն են փոխվում, հետևաբար վիրավորումներն են փոխվում, նոր խնդիրներ են առաջանում: Պետք է քայլել ժամանակակից գիտությանը հավասար, որպեսզի կարողանանք ամեն բան հաղթահարել»,- եզրափակեց Գալումյանը:

ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկը հրատարակվել է 500 տպաքանակով՝ «Լիկվոր» դեղագործական ընկերության և «Մաթևոսյան» հիմնադրամի հովանավորությամբ: Այն անվճար կբաժանվի Հայաստանի բուժհաստատություններին։ Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային անվճար տարբերակը։ Այն վաճառքի ենթակա չէ:

«Գիրքն ուղեցույց է լինելու մեր բժիշկների համար: Այն պետք է դառնա սեղանի գիրք ցանկացած վիրաբույժի համար: Ցավոք սրտի, պատերազմները դեռ չեն ավարտվել, մեր վիրաբույժները մեր բանակի նման պետք է պատրաստ լինեն»,- նշեց «Լիկվոր» դեղագործական ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը:

DSC07840.jpg (589 KB)

ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի առաջին հատորը թարգմանվել էր 2 տարի առաջ: Ընդհանուր առմամբ երկհատոր ձեռնարկը 1060 էջ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում