ՀՀ ՔԿ նախագահը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Բաքվի իրականացրած էթնիկ զտման հանգամանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոմտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանը կարևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի իրականացված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր անձանց հումանիտար հիմնահարցերի, առաջնային իրավունքների հնարավորինս ապահովմանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ լիարժեք և փաստարկված պատկերացումների ձևավորմանը։

«Դունյա Միյատովիչը հայտնել է, որ իրենց առաքելության նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է և նրանց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակչությանն էթնիկ զտումների, բռնի տեղահանության ենթարկվելու քրեաիրավական խնդիրները, արցախցիների կենսական իրավունքների պաշտպանության հիմնահարցերը։

Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեում ներկայումս իրականացվող լայնածավալ քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու պլանավորվածության, դրա իրականացման շրջանակներում իրենց բնօրրան-հայրենիքում էթնիկ հայության հետագա կենսապահովումն անհնարին դարձնելուն, սեպտեմբերի 19-ին ԼՂ բնակչության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական հարձակում և բռնի տեղահանություն իրականացնելուն, այդ ամենի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների, անձանց գերեվարումների, էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, դիերի անարգման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արգիշտի Քյարամյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԼՂ ողջ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար մարդ, կյանքը փրկելու նպատակով տեղահանվել և Հայաստան են տեղափոխվել գործնականում երեք օրվա ընթացքում՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունը, ինչը ևս էթնիկ զտման ակնառու դրսևորում է։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանության ընթացքում Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքներին, դրա արդյունքում անհետ կորած անձանց որոնման աշխատանքների շարունակման, քննչական գործողություններ իրականացնելու անհնարինության հանգամանքին։ Անդրադարձ է կատարվել 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում անհետ կորած, ինչպես նաև՝ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անձանց խնդիրներին։

Հայերեն Español Français

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն