Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցը ԼՂ չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն. ՀՀ ԱԳՆ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել: «Արմենպրես»-ն ԱԳՆ-ի մեկնաբանությունը ներկայացնում է ստորև.

Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան. Հայաստանը խորը մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա«արդյունքներով»արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված«ոչ ոքի հետևում չթողնելու»հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:

Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն:

Հայերեն Русский

Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ

Պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ոչ սթափ 410 վարորդ

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել

Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար․ Moldpres

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Տարբեր երկրներից գիտնականներ Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները