Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի լծի տակ և ենթարկվում ցեղասպանության կրիտիկական վտանգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և քաղաքացիական անձանց կողմից բնակեցված շրջանների զանգվածային հրետակոծությունից հետո Արցախի սարսափած բնակիչները ադրբեջանցի զինվորականների պատանդն են դարձել՝ չունենալով ելքեր, որոնք թույլ կտային նրանց լքել տարածքը։

«Այս պահին իրավիճակը տեղերում մնում է անորոշ։ Ադրբեջանն Արցախում անջատել է ողջ էլեկտրաէներգիան, բնական գազը և հեռահաղորդակցության ծառայությունները (հեռախոս, ինտերնետ):

Ստացվում են չհաստատված հաղորդումներ վայրագությունների և զանգվածային սպանությունների մասին։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական ալիքները քաղաքացիական անձանց բացահայտորեն սպառնացել են դաժան վերաբերմունքով ՝ սկսած կորած երեխաների համար պարգևատրումներ առաջարկելուց մինչև լուսանկարներ և հաղորդագրություններ այն բնակիչների զանգվածային սպանությունների մասին, որոնք հրաժարվել են լքել իրենց տները, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության տարհանման հուսահատ փորձերի՝ նախքան ադրբեջանցի զինվորականների ժամանումը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը «ընդամենը» թիրախավորում է այն, ինչ ինքն անվանում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական կառավարության «հանցավոր խունտա»: Արցախի կառավարությունն ընտրովի մարմին է, որը ոչ մի հանցանք չի կատարել։

Ադրբեջանը նաև պնդում է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինվորները և ընդհանրապես Արցախի խաղաղ բնակչությունը (հաճախ տարածելով աշխարհի հայ բնակչության վրա) «ահաբեկիչներ» և «անօրինական անջատողականներ» են: Այս պնդումները կեղծ են և հերքվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատմությամբ։

Մեծ հավանականություն կա, որ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության և Արցախի Պաշտպանության բանակի ցանկացած նախկին անդամ, որը կընկնի Ադրբեջանի ձեռքը, կենթարկվի դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և կսպանվի: Ադրբեջանը վայրագություններ է կատարել 2016, 2020 և 2022 թվականների պատերազմների ընթացքում իր կողմից գերեվարված գրեթե բոլոր խաղաղ հայերի և ռազմագերիների նկատմամբ: Ոչ մի պատճառ չկա, որ իր ուժերը այլ կերպ վարվեն 2023 թվականին: Ցեղասպանությանն ուղղված հայատյացությամբ տոգորված ադրբեջանական զինված ուժերը պատասխանատվության չեն ենթարկել իրենց շարքերի որևէ անդամի, որը կատարել է էթնիկ ատելության այս ձևից դրդված վայրագություններ: Ոչ մի նշան չկա, որ ապագայում դա կփոխվի»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ ասված է, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ Արցախի հայ բնակչության բոլոր ներկայացուցիչները պաշտպանված լինեն և անսահմանափակ հասանելիություն ունենան ելքի բոլոր միջանցքներին։

«Հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից տղամարդկանց և տարեցների խոցելիությունը, ոչ մի դեպքում նրանց չպետք է առանձնացնել կանանցից և երեխաներից:

Արցախցի կանանց և երեխաներին կոչ ենք անում հրաժարվել տարիքով մեծ տղաներից և տղամարդկանցից բաժանվելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտը սարսափած է այն ամենից, ինչ աշխարհը թույլ է տվել, որ տեղի ունենա արցախահայության հետ՝ չնայած ցեղասպանությունների կանխարգելման գրեթե բոլոր փորձագետների և հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ նախազգուշացումներին, որոնք կանխագուշակել էին միջազգային հանրության դիտավորյալ կուրության պայմաններում տեղի ունեցող աղետը:

«Մենք վճռական ենք ոչ միայն ականատես լինելու ներկայումս Արցախում տեղի ունեցող զանգվածային վայրագություններին, որոնց մասնակից են բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ և ազդեցիկ շահագրգիռ կողմեր, այլև ապահովելու, որ Արցախի բնակչությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող զանգվածային վայրագությունների շուրջ արդարության հասնի»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում