Պետք է խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե կրակել նրանց վրա․ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ հայերի ճակատագրին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սոցցանցի X հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հետագա ճակատագրին՝ վկայակոչելով «Ռոյթերսին» տված իր հարցազրույցը։
In an interview to @Reuters emphasized that in an ideal world#Armenia|ns of #NagornoKarabakh could have lived under #Azerbaijan but history makes this very hard to imagine. For that to happen instead of shooting civilians, a dialogue between Stepanakert & Baku is necessary. pic.twitter.com/K3nqoBnZNq
— Paruyr Hovhannisyan (@ParuyrPh) September 20, 2023
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշել է.
«Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 13.00-ի սահմաններում սանձազերծված վերջին ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից տարածաշրջանը էթնիկ զտման ենթարկելու վերջին փորձն էր և դրանով իրագործվում են բոլոր այն մտադրությունները, որոնք տեսանելի էին բավական երկար ժամանակ:
Մենք տեսել ենք, այսպես կոչված, մարդասիրական միջանցքների մասին Ադրբեջանի հայտարարությունները, որոնք չենք կարող նկարագրել ոչ այլ կերպ, քան Լեռնային Ղարաբաղի հայերին տարածաշրջանից դուրս գալու հրավերներ:
Պատմությունը դժվար է եղել հայերի համար հազարամյակների ընթացքում: Մեզ համար երբևէ հեշտ չի եղել, այդպես էլ շարունակվում է: Բայց, կարծում եմ, ձեր արծարծած թեման հենց այն թեման է, որը պետք է քննարկվի Ստեփանակերտի և Բաքվի երկխոսության շրջանակներում։
Մեզ համար ամենակարևոր թեման Լեռնային Ղարաբաղի հայերի մարդու իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովումն է։
Կատարյալ աշխարհում, իհարկե, անհնարին ոչինչ չկա: Դրա համար պետք է խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե կրակել նրանց վրա»: