Օդեսայում հայ-ուկրաինական դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առջև
2 րոպեի ընթերցում
![Օդեսայում հայ-ուկրաինական դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առջև](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1118627.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օդեսայում սեպտեմբերի 1-ին աշակերտների համար իր դռներն է բացել Գագարինի սարահարթում գտնվող ուկրաինա-հայկական միջազգային դպրոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում էAnalitikaUA.net-ը:
Դպրոցում, որտեղ հայերենն ինտեգրված է հիմնական ուսումնական ծրագրում, ուսուցումը սկսվում է առաջին դասարանից ՝ հայաստանցի ուսուցիչների հետ: Լեզվական միջավայրում հարմարավետ ընկղմվելու համար դպրոցում ստեղծվել է նաև «Հայկական մշակույթ և պատմություն» հատուկ դասընթաց: Բացի այդ, հաստատությունում խորացված ուսումնասիրում են ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներ։
Աշակերտները բաշխվում են փոքր դասարանների, ուսուցիչները յուրաքանչյուր երեխայի համար անհատական մոտեցում են ապահովում: Բացի նոր գիտելիքների յուրացումից, դպրոցականները նաև ամրապնդում են առողջությունը, ակտիվորեն զբաղվում սպորտով, ինչին նպաստում է դպրոցի՝ քաղաքի ափամերձ առողջարանային տարածքում գտնվելը:
Դպրոցը գործում է Ուկրաինայի և Հայաստանի կրթության նախարարությունների աջակցությամբ:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին: