Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ՝ առանց ԼՂ ժողովրդի համար հստակ անվտանգության երաշխիքների. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ և գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումն անհնար է, եթե չլինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքներ։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որտեղ քննարկվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։

«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս ավելի, քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագորեն թոթափելու լարվածությունը Լաչինի միջանցքի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ», - նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա հավելեց, որ Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներում և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորակազմը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը», - նշեց ՌԴ ներկայացուցիչը՝ հիշեցնելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադբերջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների մասին և ընդգծելով, որ եռակողմ համաձայնագրերի դրույթներին այլընտրանք չկա։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նաև կարևորեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը և սահմանագծումը՝ Ռուսաստանի աջակցությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև. յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան», - նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա հույս հայտնեց, որ քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու այս ծանր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, և երկխոսություն տեղի կունենա Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։

Հայերեն العربية English Français Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս