Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարցերի շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարցերի շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելության մեկնարկի կապակցությամբ, նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես սերտ համագործակցել է Հայաստանում Իրանի դեսպանության հետ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ նույնպես սերտ համագործակցություն կապահովվի:

Ըստ աղբյուրի՝ դատախազությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսված հերթական միջոցառումը՝ նվիրված հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման և արտերկրից վերադարձնելու ուղղությամբ երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, անցկացնել 2023 թվականի ավարտին՝ Երևանում:

«Անդրադառնալով իրանական կողմի՝ քրեական գործերի քննության ձգձգման վերաբերյալ դիտարկմանը, որոնցով մեղադրյալ կամ դատապարտյալներ են հանդիսանում Իրանի քաղաքացիները, Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում և հավելել, որ գրեթե բացառվում են դատախազի կողմից դատական նիստերին չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելու դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում