Ադրբեջանը կրակ է բացել Ասկերանի Ներքին Սզնեք համայնքում գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:
«Այս կերպ Ադրբեջանի Պն-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հուլիսի 15-ին ժամը 09:50-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ»,-տեղեկացնում են ՊԲ-ից:
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։