Տնտեսություն

Վարչապետը կառավարության կողմից իրականացվող ծրագրերին բանկերի մասնակցության խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

Վարչապետը կառավարության կողմից իրականացվող ծրագրերին բանկերի մասնակցության խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուսումնասիրել բանկային ոլորտը և պարզել, թե ինչու որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ չեն մասնակցում Կառավարության կողմից իրականացվող և սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերին։ Ինչպես տեղեղեկացնում է «Արմեպրես»-ը, Փաշինյանն այս հանձնարարականը տվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին մեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասնակցության խնդիր ունենք։ Մենք տեսնում ենք, որ միշտ չէ, որ բանկերը մասնակցում են անհրաժեշտ ոգևորվածությամբ և ծավալով։ Կարծում եմ, որ սա սոցիալական պատասխանատվության շատ կարևոր բաղադրիչ է։ Կարծում եմ նաև, որ այստեղ պետք է մեր բանկերը և ֆինանսական կազմակերպությունները կողմնորոշվեն։ Արժե այս թեմայով խորհդակցություն անել բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ, հրավիրել նրանց ղեկավարներին, քննարկել և քաջալերել նրանց, որովհետև ծրագրեր կան և մենք համբերատար 3 ամիս, 4 ամիս, կես տարի սպասում ենք, բայց բանկերից որոշ դեպքերում շարժ չի նկատվում»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով այն բանկերին և ֆինանսական կազմակերպություններին, որոնք արձագանքում են Կառավարության սոցիալական բնույթի ծրագրերին։

Նրա խոսքով՝ եթե բանկերի կողմից ծրագրերին չմասնացելը դառնում է վերաբերմունք և քաղաքականություն, ապա պետք է Կառավարությունը ևս իր վերաբերմունքը և քաղաքականությունը ճշգրտի։

«Չեմ կարծում, որ դա ընդունելի մոտեցում է։ Պարոն Գրիգորյան, կարծում եմ, որ պետք է մեկամսյա ժամկետում ասեք, թե այստեղ ինչ է տեղի ունենում։ Եթե բան տեղի չի ունենում, ուրեմն պետք է որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ունենանք, որպեսզի այս հարցը վերջանականապես լուծենք»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում