Քաղաքականություն

ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդկային կորուստների առնչությամբ․ Վեդանտ Պատել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդկային կորուստների առնչությամբ․ Վեդանտ Պատել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների առնչությամբ, սակայն տեղի ունեցած միջադեպը չի ազդել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակացույցի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների պատճառով և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը», - ասել է դիվանագետը։

Վեդանտ Պատելը շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջը խաղաղության հաստատման գործընթացում։ Բացի Բլինքենից, բանակցային գործընթացում ներգրավված են նաև Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարության թիմի այլ անդամներ։

«Երեկվա (խմբ․՝ հունիսի 27-ի) հանդիպումները կառուցողական էին», - ասել է նա՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվել են հունիսի 28-ին և կշարունակվեն նաև հունիսի 29-ին այնպես, ինչպես պլանավորված էր։

Վեդանտ Պատելը հրաժարվել է մեկնաբանել լրագրողի բարձրացրած հարցը՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը կարող է խոչընդոտել բանակցությունների ընթացքին և կողմերին ստիպել սառեցնել հակամարտությունը։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում