Մշակույթ

Ես հավատում եմ երիտասարդներին. եզրափակվում է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը

5 րոպեի ընթերցում

Ես հավատում եմ երիտասարդներին. եզրափակվում է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, սակայն նրանցից վեցն է անցել եզրափակիչ փուլ:

Մրցույթի հեղինակավոր ժյուրին ուսումնասիրում է կոմպոզիտորների ներկայացրած ստեղծագործությունները։ Հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

HM2_2724.JPG (503 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 26-ին լրագրողները հնարավորություն ունեցան մասնակցել եզրափակիչ փուլի և գալա համերգի փորձին և զրուցել Տիգրան Մանսուրյանի, «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանի հետ:

HM2_2716.JPG (418 KB)

Տիգրան Մանսուրյանը դեռ չի լսել ստեղծագործությունները, սակայն հույս ունի, որ դրանք ունկնդրելու շատ առիթներ կունենա: Նա խոստովանում է՝ հավատում է երիտասարդներին: «Իմ ուսումը ստացել եմ խորհրդային տարիներին: Այդ ժամանակ կարող էիր լավ ջութակահար լինել և քո լավագույն կոչումը լիներ ձեռքբերումը միջազգային մրցույթում, սակայն կոմպոզիցիայի պարագայում այդպես չէր, որովհետև կոմպոզիցիան գաղափարախոսական բնագավառն է, ուրեմն դու արտասահմանյան որևէ մտածողության, համակարգի, գեղագիտության հետ որևէ առնչություն չէիր կարող ունենալ, ուր մնաց սովորել, իսկ այսօր երիտասարդությունը սովորում է և ունի կողմնորոշվելու հնարավորություն, ուստի երաժշտական իրականությունում մի միավոր ևս գոյացել է»,-շեշտում է մաեստրոն:

HM2_2788.JPG (605 KB)

Մանսուրյանը գիտի, թե երիտասարդի համար ինչ է մրցույթում որևէ տեղ զբաղեցնելու խանդավառությունը, և, եթե լինում են հիասթափություններ, դժգոհություններ, որքան ծանր են նստում: «Լինելով ինչ-որ չափով մասնակից այս ամբողջի, մանրամասների մեջ փորձել եմ չմտնել և շատ բաներից տեղյակ չեմ: Կխնդրեմ, որ մրցույթի մասնակիցները դա նկատի ունենան: Փաստորեն ես անուն-ազգանուն եմ այս պարագայում, մարդ, որը կարող է օրինակ ծառայել իր երաժշտությամբ: Իմ գործերում տեղ ունեն 5-րդ դարը, 19-րդ դարի մեր դասականները՝ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց մինչև նորագույն պոեզիան նաև միջնադարը, ժողովրդականը՝ աղոթքներ, հայրեններ և այլն»,-ընդգծում է կոմպոզիտորը, որն այժմ աշխատում է իր լավ բարեկամ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանին նվիրված ստեղծագործության վրա:

HM2_2611.JPG (516 KB)

Զոհրաբյանը, որը նաև ընդգրկված է եղել մրցույթի ժյուրիի կազմում, ամիսներ առաջ է կյանքից հեռացել: Մանսուրյանի խոսքով՝ առաջիկայում նրան նվիրված համերգ կլինի, որում կհնչեն նրա հիշատակին գրված գործեր:

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն էլ նշում է՝ իրենք հաճախ են մշակութային նախաձեռնություններով հանդես գալիս, սակայն առաջին անգամ են մրցույթ իրականացնում: «Մի քանի տարի է՝ համագործակցում ենք մաեստրոյի հետ: Զրույցների ընթացքում առաջացավ մրցույթի գաղափարը: Որոշեցինք փորձել մրցույթի միջոցով համադրել հայ հեղինակների տեքստերը և կոմպոզիտորների ժամանակակից երաժշտությունն ու փորձել դրանով նաև դասական հեղինակներին ու հայերեն խոսքն ասպարեզ բերել: Ցանկանում էինք մրցույթի միջոցով նաև Հայաստանն աշխարհին ներկայացնել, և Մանսուրյանի անունը շատ օգտակար էր՝ հաշվի առնելով նրա միջազգային ճանաչումը»,-շեշտում է նա ու համոզմունք հայտնում, որ մրցույթը հաջողված է: Այդ են փաստում արդյունքները:

Փորձի ընթացքում «Ասոնանս» անսամբլի կատարմամբ հնչեցին մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները։

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին, որին մասնակցել են ստեղծագործողներ ԱՄՆ-ից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Թուրքմենստանից, Իսրայելից, Իտալիայից, Լեհաստանից, Հայաստանից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, կոմպոզիտորները պետք է ներկայացնեին ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 8, առավելագույնը` 12 րոպե: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:

Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում