Տնտեսություն

Մոդուլային ատոմակայանների հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ-ից ԱՄՆ կմեկնի պատվիրակություն

2 րոպեի ընթերցում

Մոդուլային ատոմակայանների հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ-ից ԱՄՆ կմեկնի պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մտադրություն ունի զարգացնելու Հայաստանի միջուկային կարողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածված տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:

«Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և երրորդ երկրների հետ: Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:

Վարչապետը նշեց, որ մոդուլային ատոմակայանները կարող են ավելի ցածր, օրինակ, 70 մեգավատ հզորություն ունենալ, որոնք կարելի է կտորներով կառուցել: Նա հիշեցրեց, որ ներկայիս ՀԱԷԿ-ը 400 մեգավատ է:

«Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց ատոմակայան են առաջարկում, մասնագետներն էլ ասում են, որ դեռ շատ հարցեր կան», - ընդգծեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում