ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս են, որ կկարողանան համատեղ ճանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությանը։
«Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Լիահույս ենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության հարցում»,- ասաց Միրզոյանը։
Չնայած նկատվող առևտրաշրջանառության ծավալի որոշակի աճին՝ ԱԳ նախարարը հուսով է հաջորդ հանդիպումների ընթացքում արձանագրել էլ ավելի մեծ դրական դինամիկա։
«Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի ամրապնդումը, մասնավորապես համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով։ Կարծում ենք, որ փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը այս ուղղությամբ ևս խթան կհանդիսանա»,- ընդգծեց Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտնեց, որ Դոքերթիի հետ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված ժողովրդավարական ինտիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և արդյունավետ կառավարման ապահովմանը։
«Այս համատեքստում մենք արժևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,- եզրափակեց Միրզոյանը։