Էկոնոմիկա

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմների ամենատարբեր տարբերակներ կան. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտ-Բաքու  երկխոսության համար միջազգային մեխանիզմների ամենատարբեր տարբերակներ կան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար միջազգային մեխանիզմների ամենատարբեր տարբերակներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան հետաքրքրվեց, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային ի՞նչ մեխանիզմ պետք է լինի:

«Միջազգային մեխանիզմի ամենատարբեր տարբերակներ կան: Ադրբեջանն ասում է՝ չէ, միջազգային մեխանիզմ չպետք է լինի, որովհետև դա իր ներքին գործն է: 2017 թվականին էլ է Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողն ասել ՝ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ դա իր ներքին գործն է»,- նշեց վարչապետը:

Աննա Գրիգորյանը Տեղ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին մեղադրեց անգործության մեջ՝ նշելով, որ ադրբեջանցիներն առաջ են գալիս, տեղակայվում, թույլ չեն տալիս, որ հայկական կողմն ամրաշինական, ինժեներական աշխատանքներ իրականացնի: Վարչապետը պատասխանեց, որ Տեղ գյուղում հաստատված իրադրության վերաբերյալ պատգամավորի տեղեկատվությունն առնվազն ամբողջական չէ, իրադարձություններն այդպես չեն տեղի են ունեցել:

«Հայկական կողմն այնպես չէ, որ այնտեղ չի եղել: Այնպես չէ, որ ադրբեջանցիներն ինչ-որ բան են արել, դրանից հետո է հայկական կողմն արել: Հայկական կողմն այնպես չէ, որ սեփական տարածքում ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում: Հայկական կողմն այնպես չէ, որ սահմանի հատվածներ հսկողության տակ չի առել: Բայց նաև այնպես չէ, որ այնտեղ խնդիրներ չան: Այնտեղ կան խնդիրներ, ու այդ խնդիրները կապված են և որոշակի գործունեության, և որոշակի անգործության հետ: Այդ երևույթները շատ անհանգստացնող են ու պրոբլեմատիկ»,- ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում