Քաղաքականություն

Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերացնել Լաչինի շրջափակումը

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերացնել Լաչինի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ: Այս մասին նշվում է Համաշխարհային Ավետարանչական դաշինքի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդհանուր քննարկման ընթացքում հնչեցված համատեղ հայտարարությունում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարումը վտանգի տակ է դրել հազարավոր կյանքեր: Այն ազդում է սննդի, բժշկական օգնության և պարագաների, ինչպես նաև այլ կենսական նշանակության ապրանքների խիստ կարիք ունեցող 120 000 հայ խաղաղ բնակիչների ապրուստի վրա: Էներգամատակարարումը նույնպես բազմիցս խափանվել է՝ բնակչությանը թողնելով սահմանափակ վառելիքի, ջերմության և էլեկտրականության պայմաններում և խոչընդոտելով դպրոցների ու հիվանդանոցների գործունեությանը՝ սաստիկ ցրտի պատճառով», - նշված է հայտարարությունում:

Վերոնշյալ կազմակերպություններն ընդգծում են, որ շրջափակումը խախտում է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագիրը, ըստ որի միջանցքը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը՝ ապահովելով քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը միջանցքով և երաշխավորելով անարգել հումանիտար մուտքը՝ հրատապ կերպով մեղմելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տառապանքները և նպաստելու մարդու հիմնարար իրավունքներից լիակատար օգտվելուն՝ առանց որևէ խտրականության», - եզրափակել են Համաշխարհային Ավետարանչական դաշինքը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում