Արցախի անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում քննարկվել են երկրի ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները
1 րոպեի ընթերցում
![Արցախի անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում քննարկվել են երկրի ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1106136.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները:
«Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է:
Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով: