Սփյուռք

Սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում. մեկնարկում է «իԳործ» 2023 ծրագրի հայտադիմումների ընդունումը

2 րոպեի ընթերցում

Սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում. մեկնարկում է «իԳործ» 2023 ծրագրի հայտադիմումների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2023 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

2023 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 5-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում:

Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում:

«իԳործ» ծրագիրն իրականացվում է 4-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ սփյուռքահայ 150 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի և Արցախի գերատեսչություններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 60 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ:

:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում