Քաղաքականություն

Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ:

«Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Մեր ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ից հետո 17 ռազմագերիներ վերադարձվել են Հայաստան և շարունակում են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Թե ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին՝ Փաշինյանն ասաց. «Որովհետև այդ թվում դա լծակ է՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ Հայաստանի կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Եվ դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը: Բավարա՞ր են այդ ջանքերը. մեր գնահատականն այն է, որ քանի դեռ գերիները չեն վերադարձել, այդ ջանքերը բավարար չեն: Ուրեմն այլ հարթություններ է պետք գտնել այդ հարցով զբաղվելու, որ խնդիրը լուծվի»:

Վարչապետը նշեց, որ միայն սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով չէ, որ կան անհետ կորածներ, 44-օրյա պատերազմից էլ կան շուրջ 200 անհետ կորածներ: Հիմա գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, աշխատում են, գերիների, անհետ կորած համարվող քաղաքացիների հարազատների հետ հաղորդակցության մեջ են: «Պետք է շարունակենք աշխատել այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ»,-եզրափակեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում