Հայաստանում կինոարտադրությանը տրամադրվող տարեկան բյուջեն կավելանա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023-ին կինոարտադրությանը տրամադրվող բյուջեն կմեծանա. 128 մլն դրամ պետական աջակցության փոխարեն կտրամադրվի 470 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նա ընդգծեց՝ անիմացիոն ֆիլմերի բյուջեն ևս ավելացել է: «Վերջին տարիներին տրամադրվում էր 48 մլն դրամ, իսկ 2023-ին կտրամադրվի 130 մլն դրամ: Շատ ուրախալի է, որ 2023-ին կինոժառանգությանը տրամադրվելու է 93 մլն դրամ: Երկար տարիներ տրամադրվել է ընդամենը 2 մլն 500 հազար դրամ: Սա ևս մեծ նվեր է, քանի որ ֆիլմերի վերականգնման համար մեծ գումարներ են պահանջվում»,- շեշտեց Միրզախանյանը:

Անդրադառնալով 2022-ին կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերի գրանցած հաջողություններին՝ նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը Asia Pasific Screen Award մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին: Այն ընդգրկվել է Tallinn Black Nights կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA) Best of Fests ծրագրում: Ցուցադրվել է ԱՄՆ-ում կայացած Animation is Film փառատոնի մրցութային ծրագրում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

«Այս ֆիլմը հետաքրքիր ճանապարհ է անցել: Կինոնկարի շնորհիվ ամբողջ աշխարհը կրկին սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին: Լրատվամիջոցներն են անդրադառնում ֆիլմին, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է»,- նշեց Միրզախանյանն ու շեշտեց՝ կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն լիամետրաժ ֆիլմերին, որոնք համատեղ արտադրության սկզբունքով են նկարահանվում, ինչը կարևոր է և՛ բյուջեի, և՛ բովանդակության, և՛ ֆիլմի հետագա տարածման համար:

«Ավրորայի լուսաբացը» մի քանի երկրի արտադրությամբ է ստեղծվել:

Նա հիշեցրեց, որ հաջողությունների են հասել նաև «Ամերիկացին», «Ամերիկացի բարի սամարացիները», «Զուլալի» և այլ ֆիլմեր:

Անդրադառնալով կարճամետրաժ ֆիլմերին՝ Միրզախանյանն ասաց՝ վերջին տարիներին դեբյուտանտ ռեժիսորներն են սկսել կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, ինչին նպաստել է կինոկենտրոնի՝ համատեղ արտադրության ֆիլմերին աջակցելուն միտված քաղաքականությունը: «Մենք ստեղծեցինք հարթակ, որի միջոցով ֆինանսավորում ենք երիտասարդներին, տեսնում, թե ինչ արդյունք են ապահովում նրանք: Ի վերջո, հենց երիտասարդներն են շարունակելու այն ավանդույթները, որոնք ունի հայ կինոն: Հետաքրքիր կարճամետրաժ կինոնկարներ են ստացվել, որոնք հաջողություններ են գրանցել միջազգային կինոփառատոններում»,- նշեց կինոկենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ պետական աջակցությամբ նկարահանված 10-ից ավելի ֆիլմեր, ինչը քիչ ցուցանիշ չէ, հայտնվել են տարբեր փառատոնների մրցութային ծրագրերում ու մրցանակներ շահել: «Վերջին երկու տարիներին ֆիլմերին տրամադրելու համար ստացել ենք ընդամենը 128 մլն դրամ պետական աջակցություն: Այն փաստը, որ նման բյուջեի պարագայում մեր կինոարտադրողները կարողանում են գտնել համաարտադրողներ, ինչը տարիների աշխատանք է, ու հաջողել, արդեն ողջունելի է: Նրանք մեծ աշխատանք են կատարում»,- վստահեցրեց Միրզախանյանը:

Ազգային կինոկենտրոնը նպատակ ունի Հայաստանում կինոդարան ստեղծել, մեծ ինստիտուտ, որտեղ կլինի լաբորատորիա, որտեղ հայ մասնագետները կկարողանան թվայնացնել, վերականգնել ֆիլմերն ու ռեսուրսները, կապերն օգտագործելով՝ հանրայնացնել դրանք:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն