4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ամենահեղինակավոր «Անշարժ գույքի միջազգային մրցանակաբաշխության» (International property awards) Mixed Use Architecture Armenia անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական «Ռենշին» քաղաքաշինական, ներդրումային ընկերության նոր՝ «Արտլայֆը» նախագիծը, որն իր տեսակի մեջ առաջին ու միակ նախագիծն է Հայաստանում։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամներ լորդ Քեյթնեսի, լորդ Բեսթի և լորդ Ուեյվերլինի նախագահությամբ՝ Լոնդոնում տեղի ունեցած գնահատման փուլի ժամանակ, միջազգային ժյուրիի կազմում ներգրավված շուրջ 100 մասնագետները գնահատել են նախագծի այնպիսի չափանիշներ, ինչպիսին են դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։
«Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի խոսքով՝ սա մեծագույն ձեռքբերում է ինչպես «Ռենշին» ընկերության, թիմի, այնպես էլ Հայաստանի համար.
«Մեզ համար մեծ պատիվ է, որ «Արտլայֆ» նախագիծը հաղթող է ճանաչվել, և Հայաստանի քաղաքաշինական նախագծերն արդեն ներկայացվում են նաև միջազգային ասպարեզում։ Նման հեղինակավոր մրցույթին մասնակցություն ունենալն արդեն իսկ կարևոր հաջողություն է, որովհետև կանոնները շատ խիստ են, և անգամ հայտերը դիտարկելիս մասնագետները բազմաթիվ չափանիշներ են հաշվի առնում»։
«Արտլայֆ» նախագծի ղեկավար Անի Մավյանի խոսքով՝ «Արտլայֆը» հետաքրքիր ու տարբերվող նորություններ է բերելու Հայաստան.
«Միջազգային այս հաղթանակը միայն սկիզբն է, «Արտլայֆը» դեռ շատ անակնկալներ է խոստանում ինչպես մեր տեղի, այնպես էլ արտասահմանից այցելուների համար։ Վստահ ենք, որ այս նախագիծը մի շարք ոլորտներում փոփոխություններ է բերելու և նոր մշակույթ ու մոտեցումներ է ձևավորելու»։
Միջազգային ժյուրին բարձր որակում է տվել Հայաստանից ներկայացվող նախագծին.
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր հաղթողներին ու իմ հայ գործընկերներին և մաղթում հաջողություններ ապագայում: Սա ֆանտաստիկ ձեռքբերում է, հատկապես, որ հաղթող նախագիծը առաջադրված է նաև Best Mixed-Use Development Europe անվանակարգում: Այն կշարունակի մրցել նմանատիպ նախագծերի հետ ամբողջ եվրոպական տարածաշրջանում, իսկ արդյունքները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի 2-ին»,- ասել է International Property Awards-ի նախագահ Ստյուարտ Շիլդը:
International property awards-ը Ճարտարապետության և շինարարության ոլորտի ամենամյա ազդեցիկ մրցանակաբաշխությունն է, որին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Հայաստանն այս տարի հայտնվել է Եվրոպա մայրցամաքից մասնակցող այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Կիպրոսը, Չեխիան, Պորտուգալիան, Հոլանդիան և այլն։ Մայրցամաքային փուլում հաղթող ճանաչված բոլոր ընկերությունները ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում անցնելու գլոբալ փուլ և մրցելու ամբողջ աշխարհից մասնակցող երկրների հետ։ «ԱրտԼայֆ» նախագիծը դիտարկվել էր Ճարտարապետություն, Զարգացում և Տարածաշրջանային նոմինացիա կարգերում ու միջազգային ժյուրիի կողմից արժանացել Հինգ աստղ բարձր գնահատականի երեք կատեգորիաներում, ինչպես նաև նոմինացվել Best Mixed Use Development Europe անվանակարգում: