ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կլինեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում նախատեսում են, թե ոչ:
«Ո՛չ, եռակողմ հանդիպում չի լինի, սակայն երկկողմ շփումներ, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում», - ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ չի նախատեսում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնի և Սադիր Ժապարովի հետ:
Բացի Երևանի և Բաքվի միջև միջնորդի դեր խաղալուց, Մոսկվան բազմիցս հանդես է եկել նաև Բիշքեկի և Դուշանբեի միջև միջնորդի դերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: