Քաղաքականություն

Երևանը և Բաքուն պետք է գտնեն կարգավորման ուղիներ. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

Երևանը և Բաքուն պետք է գտնեն կարգավորման ուղիներ. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղության համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։

«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ, որոնց վրա աշխատանք է տարվում, բայց, իհարկե, լավ կլիներ արագացնել այդ աշխատանքը: Եվ ինչ հարցեր էլ ծագեն տեղում, ես համոզված եմ, որ առավել ևս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող նախապատրաստել բոլոր հարցերի կարգավորման համար», - ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Լավրովը ափսոսանք է հայտնել արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշման կապակցությամբ։

«Այսօր մենք պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը: Մենք պատրաստվում էինք այս իրադարձությանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով: Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում