ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին կոչ է անում պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին
1 րոպեի ընթերցում
![ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին կոչ է անում պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099829.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, դեռևս պահում է 33 անձանց (Ադրբեջանն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը): Նրանց իրավունքների պաշտպանության և նրանց օր առաջ հայրենադարձնելու հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար թե՛ միջազգային գործընկերների, թե՛ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներում և քննարկումներում բարձրացնում է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Միջազգային գործընկերներին կոչ է արվում գործի դնել անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը ապահովելու նրանց կյանքի, խոշտանգումների բացարձակ արգելքի իրավունքը՝ պարտադրելով Ադրբեջանին հարգել մարդու միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի նորմերը և վերադարձնել վերջիններիս հայրենիք: Բացի այդ, Պաշտպանը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ է ունենում Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ՝ վերջիններիս իրավունքների իրացման, սոցիալական աջակցության տրամադրման և այլ հարցերի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը: