Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում. Նիկոլ Փաշինյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եռակողմ հայտարարության առաջին կետում արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման՝ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիայի տեսքով: 2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի Փարուխ գյուղի հատվածում և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել դրանից առաջ և հետո՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղի այդ շփման գծում շարունակվում են պարբերաբար բնույթ կրել:
Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առաջին կետի դրույթների կոպիտ ոտնահարում են նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ վերը նշված գործողությունները խախտում են այդ թվում եռակողմ հայտարարության երրորդ կետը, ըստ որի Լեռնային Ղարաբաղում ձևավորվում է շփման գիծ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո: