Տնտեսություն

Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին

2 րոպեի ընթերցում

Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը արտագնա աշխատողների համար հարկային լրացուցիչ բեռ չի ստեղծի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներում:

«Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությամբ չի նախատեսվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, չի նախատեսվում որևէ նվազեցումների շրջանակ սահմանափակել: Եվ ահա այս տրամաբանության մեջ չի նախատեսվում նաև հարկային բեռի վերանայում՝ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: Ավելին՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաև արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-ասաց Պողոսյանը:

Ակնկալվում է, որ այս հնարավորությունը կտրվի անցումային ժամանակաշրջանում, որը նախատեսված է 5 տարվա հեռանկարով: Եվ դրա ավարտից հետո գործնականում արդեն ներդրված կլինեն հարկային մարմինների միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերը, առնվազն ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն այսպիսի գործընթաց է ընթանում:

Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում