Տնտեսություն

Պետությունը մտադիր է արտահանողների լոգիստիկ խնդիրները մեղմել օդային կանոնավոր բեռնափոխադրումների իրականացմամբ. փոխնախարարի հարցազրույցը

11 րոպեի ընթերցում

Պետությունը մտադիր է արտահանողների լոգիստիկ խնդիրները մեղմել օդային կանոնավոր բեռնափոխադրումների իրականացմամբ. փոխնախարարի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը արտահանողների գլխավոր խնդիրների մեկը՝ լոգիստիկ հարցերը լուծելու, Լարսի անցակետի հերթերի խնդիրը մեղմելու համար բացի լաստանավային հաղորդակցությունից, աշխատում է նաև բեռների կանոնավոր ավիափոխադրումներ հաստատելու ուղղությամբ, նախնական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ, ռուսական կողմը ևս շահագրգիռ է այս հարցով: Պետությունը նաև քայլեր է իրականացնում, որպեսզի արտահանողների համար նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն ևս ստեղծի: «Արմենպրես»-ը Հայաստանից արտահանման, արտահանողների խնդիրների մասին է զրուցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ:

-Պարոն Տերյան, այս տարի 9 ամսում արտահանումն աճել է ավելի քան 63 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 509 մլն 421 հազար դոլար,10 ամսվա կտրվածքով աճը 71.2 տոկոս էր, ի՞նչն է առավելապես նպաստել նման աճին:

-Առաջին 10 ամսում հավասարապես աճել է և՛ արտահանումը, և՛ ներմուծումը: Արտահանման ծավալը ապահովվել է հիմնականում ավանդաբար արտահանվող ապրանքախմբերի արտահանման հաշվին, այդ թվում՝ պատրաստի սննդամթերքի, թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքների, ադամանդի, ինչպես նաև ապրանքների, որոնք նախկինում չեն արտահանվել: Անշուշտ, այս իրավիճակի վրա նաև ազդեցություն է ունեցել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը: Մեր երկիրը մեծ հաշվով կարողացել է օգտվել բացված հնարավորություններից: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի տնտեսավարողները կարողանում են ճիշտ կողմնորոշվել և մտնել, օրինակ, ռուսական շուկա, որտեղից հեռանում են այս կամ այն ընկերությունները: Նաև սրա հետ է կապված ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման բավականին մեծ աճը:

-Նախարար Վահան Քերոբյանը հույս էր հայտնել, որ Հայաստանը շուտով կդադարի զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ: Սակայն արտահանման ծավալներում այս տարվա առաջին 9 ամսում ամենամեծ բաժինն ունեցել է հենց հանքահումքային արտադրանքը՝ 785 մլն 398.5 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 անգամ: Ինչո՞վ կբացատրեք սա: Ինչո՞ւ ենք շարունակում առաջատար լինել այս արտադրատեսակի արտահանմամբ:

-Հանքարդյունաբերությունը սկզբնական շրջանում մեր տնտեսության շարժիչ ուժն էր, որը բավականին մեծ կշիռ է ունեցել թե՛ արտահանման, թե՛ ընդհանուր տնտեսության մեջ: Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով մենք մատնանշել ենք արդյունաբերության 5 գերակա ոլորտներ, որոնք, մեր կարծիքով, ունեն աճի մեծ պոտենցիալ, այդ թվում՝ արտահանման աճի պոտենցիալ: Այդ ուղղություններն են թեթև արդյունաբերությունը (տեքստիլ), մեքենաշինությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը: Այս պահին մենք կենտրոնացած ենք այդ ոլորտների վրա, և պետական աջակցության ծրագրերն ուղղված են նաև այդ ոլորտներին: Մասնավորապես, թեթև արդյունաբերության արտահանումն 9 ամսում աճել է 16 տոկոսով, իսկ դրա մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 6,6 տոկոս՝ 2021 թվականի 4,6 տոկոսի դիմաց։ Մեքենաշինության մեջ աճը կազմել է 10,6 անգամ, ոսկերչության և ադամանդագործության ոլորտում՝ 2,7 անգամ, քիմիական և դեղագործական արդյունաբերության մեջ՝ 2 անգամ։ Այսինքն՝ միայն հանքարդյունաբերությունը չէ, որ աճել է, աճ կա նաև մյուս ոլորտներում: Առաջին 10 ամսվա տնտեսական ակտիվության 14.5 տոկոս աճը շատ բալանսավորված աճ է:

-Ո՞րն է Հայաստանի թիրախը, հատկապես ո՞ր արտադրատեսակներով ենք ձգտում աշխարհի տարբեր շուկաներում ներկայություն ապահովել:

-Մեր թիրախն է առաջին հերթին զարգացնել մշակող արդյունաբերությունը: Մենք կենտրոնացած ենք կառավարության ծրագրով նախանշված 5 գերակա ոլորտների վրա: Համարում ենք, որ հենց այդ ոլորտների արտադրատեսակներն էլ արտահանման համար ամենամեծ պոտենցիալն ունեն: Այդ ոլորտների զարգացման համար իրականացնում ենք աջակցության ծրագրեր, այդ թվում՝ վարկի, լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը նոր սարքավորումների ձեռքբերման համար: Դա թույլ է տալիս հայկական ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, արտադրանքը միջազգային շուկայում դարձնել առավել մրցունակ և ավելացնել արտահանման ծավալը: Այն ընկերությունները, որոնք արդեն օգտվել են այդ ծրագրերից, իրենց համար բացել են նոր շուկաներ, ոչ միայն ավանդական շուկաներ, այլ նաև նոր շուկաներ:

-Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունները որո՞նք են, ի՞նչ նոր շուկաներ են բացվել և կարող են բացվել առաջիկայում:

-Արտահանման ավանդական շուկաներն են մեզ համար ԵԱՏՄ երկրները, Չինաստանը: Բայց այս տարի մեր հարաբերությունները, մեր ապրանքաշրջանառությունը զարգացել է նաև Իրանի հետ: Մեր տնտեսավարողները դիտարկում են նաև այլ շուկաներ՝ Կատար, Էմիրություններ: Հարաբերությունների մեծ պոտենցիալ կա նաև Հնդկաստանի հետ: Մենք հիմա աշխատում ենք այն միջոցառումների ուղղությամբ, որոնք թույլ կտան արտահանողներին դուրս գալ նաև նոր շուկաներ: Կան շուկաներ, որտեղ հայկական ապրանքները շատ քիչ են, և պետք է այդ ուղղությունները ևս զարգացնենք: Մեր թիրախն այն է, որ կախվածություն չունենանք կոնկրետ մեկ շուկայից: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առկա ռիսկերը չեզոքացնելու համար պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտահանման պորտֆելը: Հայաստանում կա արևային պանելներ արտադրող ընկերություն, արտադրության ծավալները գնալով ավելանում են, և դրանց արտահանման հիմնական շուկան ԱՄՆ-ն է: Դա լավ օրինակ է:

- Պարոն Տերյան, արտահանողների առաջնային խնդիրներից է Լարսի անցակետի հերթերի հարցը, որը պարբերաբար սրվում է: Խնդիրը թեթևացնելու համար նախատեսվում էր լաստանավային հաղորդակցության գործարկում, ինչը, սակայն, ձգձգվում է: Վերջիվերջո կա՞ գործարկման հստակ ժամկետ, այս պահին ի՞նչ խնդիրներ կան այս մասով:

-Ճիշտ եք, մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է, գործարկումը սկզբում նախատեսվում էր հունիսին, հետո՝ օգոստոսին: Կարծում ենք, որ հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք մեր վրացի գործընկերների, Փոթիի նավահանգստի օպերատորի հետ: Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները դժվարացնում են Փոթիի նավահանգստի օպերատորի հետ համագործակցությունը: Փոթիի նավահանգիստը ղեկավարում է հոլանդական APM ընկերությունը: Մենք այժմ համաձայնեցնում ենք պայմանները, որոնք վերաբերում են ապրանքների տեսակների, նավի մուտքի թույլտվության հարցին: Օրինակ՝ այսօր մենք կարող ենք պայմանավորվել մի նավի վերաբերյալ, սակայն այն կարող է հայտնվել պատժամիջոցների ցանկում: Իմ կարծիքով՝ մենք բավականին մոտ ենք լաստանավային հաղորդակցության գործարկմանը:

Լարսի անցակետի խնդիրը պետք է լուծվի: Հիմա արդեն հերթեր են, քանի որ ռուսական կողմը խստացրել է վերահսկողական միջոցառումները՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ կապված: Այս պահին մեկ մեքենայի ստուգման ընթացքն ավելի երկար է տևում: Սակայն մենք մեր ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, պայմանավորվածություն ունենք, որ նրանք մեծացնելու են, այսպես կոչված, ռենտգեն սարքավորումների քանակը, որոնք ստուգում են մեքենաները: Եվ մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք մեքենաների քանակին, որոնք անցնում են Վերին Լարսի անցակետը՝ թե Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Ռուսաստանից դեպի Հայաստան: Այդ հարցը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Նաև ուզում եմ նշել, որ բացի լաստանավային հաղորդակցությունից, մենք նաև զբաղվում ենք բեռների կանոնավոր ավիափոխադրումների իրականացման ուղղությամբ: Նախնական փուլում ենք, մենք որոշ գործընկերների հետ քննարկում ենք այն պայմանները, որոնք կարող են առաջարկվել մեր արտահանողների և ներմուծողների համար: Բեռնատար օդանավով, իհարկե, չի կարելի արտահանման ամբողջ ծավալը ծածկել, սակայն կարելի է ծածկել զգալի մասնաբաժինը: Ռուսական կողմը ևս հետաքրքրված է, որ դա գործի: Օդային բեռնափոխադրման համար հիմնական պահանջարկն այն ապրանքների մասով է, որոնք տեղափոխվում են ռուսական շուկա: Եվ առաջին ուղղությունը հենց ռուսական շուկան կլինի: Հետո առաջ կշարժվենք՝ ըստ արտահանողների կարիքների:

-Արտահանողների համար ակտուալ խնդիր է շարունակում մնալ նաև դոլարի փոխարժեքի նվազման հարցը: Այս հարցը, տնտեսավարողներին հնարավոր աջակցության վերաբերյալ հարցը շատ քննարկվեց: Ի վերջո, պետությունն ի՞նչ է նախատեսում, աջակցության ի՞նչ տարբերակներ են քննարկվում: Հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Մենք տեղյակ ենք այն խնդիրներին, որոնց բախվում են մեր արտահանողները: Եվ մենք հիմա, ինչպես նրանց հետ, այնպես էլ նախարարության ներսում մտածում ենք աջակցության այն միջոցառումների մասին, որոնք կարող են լինել: Սակայն ցանկանում եմ նաև նշել, որ տնտեսագետների կանխատեսումներով դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը միջնաժամկետ հեռանկարում կփոխվի, ինչը կհավասարակշռի իրավիճակը:

- Արտահանողների համար այլ ի՞նչ խնդիրներ կան այս պահին, և պետությունն ի՞նչ քայլեր է նախապատրաստում իրականացնել դրանց լուծման ուղղությամբ:

Հիմնական են լոգիստիկ խնդիրներն ու փոխարժեքի հետ կապված հարցը: Ամենացավոտ խնդիրը լոգիստիկան է: Մենք աջակցության մի քանի ճանապարհներ ենք տեսնում, այդ թվում՝ նոր ուղղությունների բացումը: Իրանը կարող է մեր տնտեսավարողների համար նոր ուղղություն լինել: Ինչպես նաև դիտարկում ենք լաստանավային հաղորդակցության գործարկումը, ինչի շրջանակում պետությունը սուբսիդավորում կանի: Կան նաև պետական աջակցության ծրագրեր, որոնք լավացնում են ընկերությունների ֆինանսական վիճակը: Առաջին 10 ամսում արտահանման 71 տոկոս աճ ունենք՝ չնայած առկա դժվարություններին: Եթե դրանք էլ լուծենք, կարծում եմ, որ մեր տնտեսավարողներն ավելի լավ արդյունքների կհասնեն:

Աննա Գրիգորյան

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում