Տնտեսություն

Նամականիշները՝ երկրի մասին պատմող «դեսպաններ». բացվեց ՀՀ-ում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես

7 րոպեի ընթերցում

Նամականիշները՝ երկրի մասին պատմող «դեսպաններ». բացվեց ՀՀ-ում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նամականիշները «դեսպաններ» են, որոնք միշտ կպատմեն երկրի, երկրի մշակույթի, պատմության մասին. ֆիլատելիան Հայաստանում վերջին տարիներին արագ զարգանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին Երևանում Ալեքսանդր Թամանյան թանգարան-ինստիտուտում բացվեց Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի, Հայփոստ» ՓԲԸ-ի և Կենտրոնական բանկի կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին:

Ցուցահանդեսում իրենց հավաքածուներն են ներկայացնում Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի անդամ 25 ֆիլատելիստներ, «ՀայՓոստը»՝ իր թողարկումներով: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի կենտրոնական բանկը՝ դրամագիտական արժեքների ցուցադրմամբ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ պետությունն այս ոլորտին պետք է մեծ ուշադրություն դարձնի: «Ցավոք, արձանագրում ենք, որ անկախությունից ի վեր ֆիլատելիան մեզ մոտ նահանջ էր ապրում մինչև վերջին տարիները, երբ ֆիլատելիային առաջին հերթին «Հայփոստը», ապա Ֆիլատելիստների միությունը շատ մեծ ուշադրություն սկսեցին դարձնել: Հիմա տեսնում ենք, որ ոլորտն արագ զարգանում է, և հետաքրքրությունը ֆիլատելիայի նկատմամբ մեծանում է»,-ասաց Հարությունյանը՝ առաջիկա տարիներին ավելի մեծ զարգացման հույս հայտնելով:

Ցուցահանդեսի շրջանակներում մարվեց նաև «Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային նվիրված բացիկ և նամականիշ: 380 դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցվի Ֆիլատելիստների հայկական ասոցիացիային:

«Շատ կարևոր խորհուրդ կա այս ամեն ինչի մեջ: Ֆիլատելիան դարձել է նաև քաղաքական լուրջ բաղադրիչ: Նույնիսկ պետական այրերը, որոնք տարբեր խնդրահարույց հարցերում չեն կարողանում հասնել իրենց նպատակներին, կարծում եմ՝ ֆիլատելիայի միջոցով որոշակի ներգործություն կարող են ունենալ: Դիցուք՝ մշակութային ոճրագործություն թեմայով»,- Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական մշակութային արժեքները: Ցուցադրության շրջանակում ներկայացվում է նաև երկու նամականիշով գեղաթերթիկ՝ «Կրոն և մշակույթ. Մշակութային ոճիր» թեմայով: Գեղաթերթիկի առաջին նամականիշի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, իսկ մյուս նամականիշի վրա՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ՝ 2020 թվականին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի թիրախավորված հարձակումից հետո:

«Կարծում եմ՝ պետք է նման նամականիշներ թողարկելով՝ հանրայնացնենք դա և փորձենք բարեգործների միջոցով գնել և անվճար տարածել ամբողջ աշխարհով՝ տարբեր երկրների խորհրդարաններում, սենատներում, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ են իրենցից ներկայացնում «խաղաղության տենչող մեր հարևանները»»,-ասաց Մուսայելյանը՝ հավելելով, որ նամականիշների միջոցով կարելի է ծանոթանալ ցանկացած երկրի պատմությանը, մշակութային ժառանգությանը, տարբեր իրադարձություններին:

Կենտրոնական բանկը ցուցահանդեսում ներկայացնում է Արտաշեսյան թագավորության ժամանակ հատված մետաղադրամներ, Կիլիկյան թագավորության կողմից հատված մետաղադրամներ և նորանկախ ՀՀ-ի ԿԲ-ի հուշադրամների շատ համեստ հավաքածու՝ հիմնականում արծաթյա:Ներկայացված են նաև առաջին թղթադրամները, որոնց վրա հայատառ գրառում է եղել, Առաջին Հանրապետության թղթադրամները, Հայաստանի Խորհրդային Հանրապետության կողմից թողարկված թղթադրամները: «Հատկապես մետաղադրամները մեծ պատմական նշանակություն ունեն: Պատմագրությունը մեր թվարկությունից առաջ այնքան հարուստ չի եղել: Եվ մեր պետականության ամենախոսուն վկաներից են մետաղադրամները: Մեր դրացի պետությունները հաճախ փորձում են հորջորջել իրենց «բազմադարյա» պատմության մասին, բայց խոսուն վկաներ, բնականաբար, չունեն: Շատ դժվար է որևէ կերպ վիճարկել Արտաշեսյան Թագավորության կողմից, Տիգրան Երկրորդ արքայի կամ Արտավազդ արքայի կողմից թողարկված հուշադրամների իսկությունը կամ դրանց պետական պատկանելիություն. Հստակ է, որ դրանք Հայոց պետության թողարկումներն են»,-ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը:

«ՀայՓոստ»-ը մեծ տեղ է տալիս ֆիլատելիայի զարգացմանը: «Շատ կարևոր է ֆիլատելիայի զարգացումը, քանի որ այդ հավաքածուների միջոցով մենք աշխարհին ներկայացնում ենք մեր երկրի պատմությունը: Նամականիշները «դեսպաններ» են, որոնք միշտ կպատմեն մեր երկրի մասին»,-ասաց «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը:

Ցուցահանդեսում շրջայցից, նամականիշներին ծանոթանալուց հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ ուշադրություն է դարձրել ամենահետաքրքիր ցուցանմուշների վրա: «Տեսանք, որ որոշակի նրբություններ, առանձնահատկություններ կան, որոնք յուրահատուկ են դարձնում նամականիշները: Օրինակ՝ սխալ տպագրվածն ավելի մեծ արժեք ունի, քան ճիշտ տպագրվածը, քանի որ դա սահմանափակ քանակով է տպագրվում, և պետք է բացահայտել»,-ասաց նախարարը:

Խաչատրյանը չբացառեց, որ այս ցուցադրությունից հետո ինքն էլ սկսի հավաքել նամականիշներ:

Ցուցահանդեսը կտևի 4 օր, կավարտվի նոյեմբերի 18-ին: Ժյուրին մասնակիցներից կընտրի հաղթողներ՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում