Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ է նկատել պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրել է բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։

Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։

Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձել է այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատել է, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։

Հայերեն Español Français Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին