Տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ

3 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին տասներկուամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9 տոկոս, տասներկուամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10.5 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր»,-ասաց նա:

Մարտին Գալստյանը նշեց, որ Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

«2022 թվականի երրորդ եռամսյակում տնտեսության բարձր ակտիվության միտումները Հայաստանում պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի ազդեցությունը: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում են միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը»,-ընդգծեց ԿԲ նախագահը:

Նա ընդգծեց, որ հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը:

«ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ:Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-ասաց նա՝ հավելելով, որ ԿԲ Խորհուրդըգնահատումէ,որ նախանշվածուղեգծիցգնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։Ռիսկերի որևէ ուղղությամբդրսևորմանպարագայումԽորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովիգներիկայունության:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կենտրոնական բանկի խորհուրդը 2022 թվականի նոյեմբերի 1-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 կետով՝ սահմանելով 10.5 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում