Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում շինարարական ընկերությունների հզորությունները ակնհայտորեն չեն բավականացնում պետության կողմից ֆինանսավորվող կապիտալ ծախսերը իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետը նշեց, որ Հայաստանում պետական շինարարական ընկերություններ ընդհանրապես գոյություն չունեն արդեն տասնյակ տարիներ: «Իհարկե, Հայաստանում վերջին տարիներին մասնավոր ընկերություններ են բացվել, բայց մենք արձանագրում ենք, որ շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին:Մենք մասնավոր ներդրողների ուշադրությունն ենք հրավիրում, որ այստեղ կա մի ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթներ ստանալ»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կապիտալ ծրագրերի իրականացման հատվածում պարբերաբար խնդիրներ են առաջանում:

«Շինարարությունները միշտ չէ, որ ժամանակին և պատշաճ որակով են արվում, և հիմա մենք տեսնում ենք, որ կապիտալ ծախսերի թերակատարումները կապված են նաև դրա հետ, բայց սա չի նշանակում, որ մենք այս ամենը պետք է մասնավորի պատասխանատվության ոլորտ տեղափոխենք: Այստեղ մեր անելիքներն էլ կան. մասնավորապես, գնումների օրենսդրության շարունակական բարեփոխումները»,-ասաց վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ խնդրի պատճառով տնտեսության արդիականացման ծրագրի ներքո ընկերությունները քաջալերվում են:

«Շինարարության ոլորտը ևս մտնում է այն ոլորտների մեջ, որտեղ, եթե ընկերությունները ձեռք են բերում նոր տեխնիկա, կառավարությունը տոկոսային ծախսերի մեծ մասը սուբսիդավորում է, և մենք տեսնում ենք արդեն, որ 320-ից ավելի ընկերություն օգտվել է այս ծրագրից և դրանց մեջ կան նաև շինարարական ընկերություններ: Կոչ եմ անում ընկերություններին, օգտագործելով դրամի ուժեղ կուրսը, մեծացնել իրենց պոտենցիալը»,-նշեց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում