Նոր հնարավորություն Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու համար. մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13 տարբեր երկրներից շուրջ 20 սփյուռքահայ երիտասարդներ մի քանի օր է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրի շրջանակներում արդեն Հայաստանում են: Ստեղծված է հնարավորություն ծանոթանալու Հայաստանի տարբեր բնագավառներին, մարզերում առկա խնդիրներին և սերտ կապեր հաստատելու Հայաստանի և իրենց համայնքների միջև: Ծրագրի հիմքում առաջին հերթին համայնքների միջև կապերի ակտիվացումն է:
«Արմենպրես»-ի հետզրույցում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանն ընդգծեց, որ սփյուռքահայ երիտասարդների համար առանձնահատուկ ու մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր նոր նախագիծ, որը կապված է Հայաստանի հետ: Այդ մասին են վկայում Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի մի շարք ծրագրերին մասնակցելու մեծ թվով դիմումները:
«Մենք այս ծրագրով խնդիր ենք լուծում՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներգրավելով երիտասարդներին, որովհետև կան սերունդների տարբերություններ, տաբեր մոտեցումներ: Մենք ծրագրի միջոցով մասնակիցներին ենք փոխանցում անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և նաև հնարավորություն ենք տալիս, որ Հայաստանը կարողանա օգտվել նրանց հնարավորություններից՝ գիտելիքի, ներուժի և կապերի առումով»,-ասաց ծրագրի ղեկավարը:
Ծրագրի մասնակից Աշխեն Բադալյան 25 տարի է՝ բնակվում է Ռուսաստանում: Վերջին երկու տարիներին վերջնականապես որոշել է տեղափոխվել Հայաստան և իր փորձը, գիտելիքները ու կապերը ծառայեցնել երկրի զարգացմանը: Եվ այդ նպատակն իրականացնելու համար կարևոր հարթակ է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը:
Վլադիմիր Հարությունյանը, ով եկել է ԱՄՆ-ից, կարևորեց ծրագրի իրականացումը, քանի որ իրենց համայնքում շատերը չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Անդրադառնալով Հայաստան տեղափոխվելու հարցին՝ Վլադիմիր Հարությունյանը ասաց, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ այդ միտքը միշտ էլ ունենում է:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկնարկել է 2021-ից, որին դիմել էին 104 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից ընտրվել են 20 մասնակիցներ 16 երկրներից: Այս տարի ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին և կավարտվի հոկտեմբերի 8-ին:
Գայանե Գաբոյան