ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանում սեպտեմբերի 22-24-ն առաջին անգամ անցկացվել է «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի շրջանակներում հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում (այդ թվում՝ Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականը կարևոր տարելից է, քանի որ երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի միջև:
Վերջին երեսուն տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունները դրսևորվել են ոչ միայն դիվանագիտական և պաշտոնական հարթակներում, այն նաև մշակույթում, գրականության և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում:
Մասնավորապես մեծ հաջողություններ են գրանցվել տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունների ստեղծման և հետագա զարգացման շրջանակներում, ինչի մասին են վկայում մի շարք կայուն համագործակցություններ:
Հաշվի առնելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու տեքստիլ ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 22-24-ը առաջին անգամ անց է կացվել «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը:
Միջոցառման անցկացման համար ընտրված ժամկետը պատահական չէր, քանի որ նույն օրերին Միլանում անց էր կացվում համաշխարհային նորաձևության ամենակարևոր միջոցառումներից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը:
Եռօրյա միջոցառման անցկացման վայրը Միլանի պատմական Վիսկոնտիի պալատն էր: Միջոցառման ընթացքում տեքստիլի և նորաձևության ոլորտի հայ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց արտադրանքը, կկազմակերպվեցին հանդիպումներ տեղական ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր հանդիսացող մի շարք այլ կոմերցիոն կազմակերպությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համաժողովին մասնակցել են շուրջ 15 գործարարներ, ովքեր մեծապես հետաքրքրված էին ծանոթանալ տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում իտալական լավագույն փորձին:
Հայկական տեքստիլ ոլորտի արտադրական հնարավորությունները, շուկան և արտադրանքը ներկայացնելուց բացի, հայ գործարարները հնարավորություն են ունեցել նաև այցերի շրջանակներում ծանոթանալ Իտալիայի արտադրական հնարավորություններին:
«Համաժողովի բացմանը` սեպտեմբերի 22-ին, Միլանի Վիսկոնտիի պալատում, ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, ով իր խոսքում անդրադարձավՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային և դրա շուրջ միջազգային հարթակներում իրազեկման կարևորությանը: Փոխնախարարը շեշտադրեց երկրի անգնահատելի ներուժը թեթև արդյունաբերության և ստեղծարար ոլորտներում:
«Էնթերփրայզ Արմենիայի» ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Աննա Հայրոյանը հանդես եկավ Հայաստանի ներդրումային շնորհանդեսով՝ իտալացի և հայ գործարարներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում տեքստիլի ոլորտի ներդրումային հնարավորությունները, երկրի ներդրումային դաշտը, Իտալիա-Հայաստան առևտրաշրջանառության դինամիկան և միտումները:
Ելույթով հանդես եկավ նաև Իտալիայի նորաձևության ազգային պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելլին:
Ներկայացվեց Էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված «Արտադրված է Հայաստանում» տեքստիլ գործարանների արտադրական հնարավորությունները ներկայացնող տեսահոլովակը, ինչպես նաև կայացան ընկերությունների միջև B2B ձևաչափով հանդիպումներ»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Նշվում է, որ միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ին, կազմակերպվել է դիզայներների հավաքածուների նորաձևության ցուցադրություն, որին ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) նոր հավաքածուները: «Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր #StandwithArmenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է: Նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք ստացավ տեղական և միջազգային մամուլում (այդ թվում Harper’s Bazaar, Marie Claire, Elle, Fashion Week Online,The Spin-Off և այլ պարբերականներում)»,- տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և հավելում, որ նույն օրը կազմակերպվել են գործարար այցեր իտալական տեքստիլ գործարաններ՝ տեխնոլոգիական և մասնագիտական հնարավորություններին ծանոթանալու և հումքի գործարաններ, մասնավորապես՝ կտորի, թելի, ֆուրնիտուրայի ֆաբրիկաներ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև այցելել Միլանում անցկացվող հագուստի ամենամյա WHITE ցուցահանդես: