Հասարակական

Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարանի կայքում տեղ գտած հրապարակումից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի պատմությունը, որոնց հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված է երեք խաչքար:

Բելգիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում