Մշակույթ

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

3 րոպեի ընթերցում

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակներում կայացել է հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերվող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն: Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև տեղական երգչախումբը կատարել է «Երևան-Էրեբունի» երգը:

Մինամիայձուն Տոկիո 2020-ի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալող քաղաքն է (host town), որի հետ ձևավորվել են ջերմ և բարիդրացիական հարաբերություններ: Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությանը ելույթով հանդես է եկել դեսպան Արեգ Հովհաննիսյանը: ՀՀ դեսպանը նշել է, որ ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը և վերջինիս բոլոր դրսևորումները լայն իմաստով, վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը՝ փաստելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել և ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք բարձր են գնահատվում աշխարհի բոլոր անկյուններում և միջոցառումը գալիս է փաստելու, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայ ժողովրդի համար մնալու են բարձրագույն արժեքներ:

Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համերգի երաժիշտներ Մայուկո Կացումուրային (ջութակ), Յոսուկե Նիինոյին (դաշնամուր) և Կազուհիրո Միյամուրային (հոբոյ), փառատոնի կազմակերպիչներ Հիրո Օգուրային և Մանաբու Ֆուկուիին, միջոցառման հովանավոր «Japan Tobacco» ընկերությանը, Մինամիայձու քաղաքի ղեկավարությանը՝ համերգի կազմակերպման համար, ապա Մինամիայձուի քաղաքապետ Մասայոշի Վատանաբեին նվիրել է հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում