ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS VI միջազգայինփառատոնին հրավիրված գիտնականները խոսեցին փառատոնին իրենց մասնակցության պատճառների, դրա կարևորության և միևնույն գաղափարի շուրջ հավաքվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ըստ գիտնականների, սա լավ հնարավորություն է շփվելու և միմյանց աշխատանքները գնահատելու համար:
Astronomy պարբերականի գլխավոր խմբագիր Դեյվիդ Այքերն ասաց, որ իր համար շատ հաճելի է ներկա լինել փառատոնին, քանի որ STARMUS-ն իսկապես աննախադեպ է:
«Փառատոնի համահիմնադիրներ Գարիկ Իսրաելյանը և Բրայան Մեյը ցանկացել են, որ մենք տոնենք ուղեղային աշխատանքի այս համադրությունը՝ այսինքն վերլուծական մտածողության և արվեստի միավորումը, Հայաստանում: Սա գիտական բացառիկ իրադարձություն է, կարելի է ասել` ոսկե դարաշրջան Լուսնի վրա ոտք դնելուց հետո: Մենք լիահույս ենք, որ դուք կվայելեք և նույն հուզմունքը կապրեք՝ այստեղ հյուրընկալելով նոբելյան մրցանակակիրների, աստղագետների, տիեզերագնացների, կլսեք նրանց դասախոսությունները և բազմաթիվ միջոցառումներ, որոնք կիրականացվեն այս օրերին»,-ասաց Այքերը:
Շվեյցարացի աստղաֆիզիկոս և Ժնևի համալսարանի աստղագիտության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, արևանման աստղի շուրջ հայտնաբերված առաջին էկզոմոլորակը` 51 Pegasi b-ն գտնելու համար Նոբելյան մրցանակի արժանացած Միշել Մայորը նշեց, որ կար ժամանակ, որ մարդկությունը նույնիսկ չգիտեր, ինչպես է ստեղծվել Արեգակն և ինչպես են առաջացել մոլորակները:
«Եվ միայն Էյնշտեյնի հեղափոխական բացահայտումից հետո հնարավոր եղավ ամբողջովին պատկերացում ունենալ դրա մասին: Ես կուզեմ նշել, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք խոսել մարդկանց հետ, բացատրել իրենց, թե ինչպես են տիեզերքն ու մարմինները փոխկապակցված: Եվ ուրախալի է, որ այսօր տեխնիկական զարգացումները մեզ հնարավորություն են տալիս լիարժեք պատասխան տալ տիեզերքում գտնվող գրեթ բոլոր երևույթներին: Ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք հանրության հետ կիսելու մեր փորձը, ինչպես նաև ինքներս ունկնդրելու մյուս գիտնականների աշխատանքները»,-ասաց նա:
Ֆրանսիացի պրոֆեսոր և միկրոկենսաբանության, գենետիկայի և կենսաքիմիայի հետազոտող Էմանուել Շարպանտիեն ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է գտնվել Հայաստանում, քանի որ նա ունի հայկական արմատներ:
«Կարելի է ասել` մշակույթի և գիտության այս խաչմերուկում ինձ համար շատ կարևոր էր այս փառատոնի գաղափարը և նպատակը: Եվ ինչպես արդեն նշվեց, շատ հաճելի է գիտության և արվեստի այս միատեղումը՝ փառատոնի շրջանակներում: Եվ պատճառներից մեկը, թե ինչու եմ ես կարևորում և սիրում այս փառատոնը, այն է, որ մենք ընդհանրապես շատ քիչ ենք տոնում, նշում գիտության ոլորտին վերաբերվող իրադարձությունները, իսկ այստեղ միավորելն այն երաժշտության հետ շատ հետաքրքիր է նաև գիտության համար»,- ասաց Էմանուել Շարպանտիեն:
Նա ընդգծեց, որ սա նաև շատ լավ հնարավորություն է միմյանց աշխատանքը գնահատելու համար:
Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին նշեց, որ փառատոնը գիտական բացառիկ իրադարձություն է:
«Մեր մտքում էլ գիտությունն ու արվեստը այնքան փոխկապակցված են, որ դրանց միջոցով ենք մենք տարանջատում աշխարհը և ընկալում նրա բոլոր արժեհամակարգային շերտերը: Եվ, իհարկե, կլիմայական գիտնակաների համար անչափ կարևոր է, որպեսզի մենք գիտակցենք մեր արած գիտական նորարարությունների և աշխատանքի կարևորությունը մեր աշխարհում և մոլորակի համար»,- եզրափակեց նա:
Աստղագնաց լինելու ամենադրական մասերից մեկը, ըստ Ամերիկացի ինժեներ և ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Գարեթ Ռայսմանի, այն է, որ միշտ առնչություն ես ունենում այն մարդկանց հետ, որոնք լավագույնն են այդ ոլորտում:
«STARMUS փառատոնը նրա մասին է, որ այստեղ կարող են ներգրավված լինել ոչ թե հաջողակ մարդիք, այլ հասարակ, նույնիսկ գիտությամբ չզբաղվող մարդիկ, որոնք այսօր էլ ներկա են: Եվ ինձ համար այստեղ գալը իսկապես նվեր է»,-եզրափակեց նա: