Արցախի նախագահը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման գործընթացին
1 րոպեի ընթերցում
![Արցախի նախագահը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման գործընթացին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091693.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման գործընթացին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է մայրաքաղաքի բնակչության սպառման կարիքները:
Ըստ աղբյուրի՝ նախագահը բարձր է գնահատել ջրագծի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը, նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև Պատարայի ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքները:
Նշվում է, որ այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք։