Արցախ

ԼՂՀ հռչակումը ամենահավակնոտ աշխարհաքաղաքական քայլն էր, որ իրականացավ 31 տարի առաջ. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ հռչակումը ամենահավակնոտ աշխարհաքաղաքական քայլն էր, որ իրականացավ 31 տարի առաջ. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության օրը հայ ժողովրդի մեծագույն տոներից է, որովհետև ԼՂՀ հռչակումը նոր էջ է բացել հայոց պետականության պատմության մեջ և ամենահավակնոտ աշխարհաքաղաքական քայլն էր, որ իրականացավ 31 տարի առաջ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Ներկայում շատ ավելի պիտի վերաարժևորենք այս օրը, որովհետև այժմ ճակատագրական պահ է Արցախի համար: Հիմա Արցախը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև, առերեսվում է գոյաբանական մարտահրավերների: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախը փրկվի, քանի որ հենց Արցախի փրկությամբ է պայմանավորված նաև հայոց պետականության և հայ ժողովրդի ապագան: Այո, իրավիճակը բարդ է, բայց լուրջ մարտահրավերներից բացի, կան նաև հնարավորություններ: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները վկայում են, որ կան ուժային կենտրոններ, որոնք շահագրգռված են Արցախի լինելիության հարցում: Այդուհանդերձ, Արցախի լինելիությունն ամենաշատը մեզնով է պայմանավորված, մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք:

Պետք է միասնական ուժերով ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ընթացքն ու պատմությունը շարունակական լինեն», -ընդգծեց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախյան երրորդ՝ ծանր պատերազմից հետո, Սեպտեմբերի 2-ի տոնի խորհուրդն ավելի է կարևորվել:

«Արցախի Հանրապետությունը համայն հայության զավակն է: Ուստի միասնական պիտի քայլեր ձեռնարկենք ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա մարտահրավերների դիմակայման գործում: Արցախը, Մայր Հայաստանը և Սփյուռքը պիտի միասնական աշխատեն, կարողանանք փրկել այն, ինչ ունենք»,-նշեց Արցախի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում