ՀԱԳՄ-ն ԵԱՏՀ-ին է ներկայացրել հայ գործարարներին և փորձագետներին հուզող խնդիրները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրած խնդիրների ու դրանց լուծման ընթացքին է նվիրված եղել Հանձնաժողովի և ՀԱԳՄ անդամների միջև հուլիսի 28-ին տեղի ունեցած հեռավար աշխատանքային հանդիպումը ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև մասնագիտացված կառույցների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, ողջունելով նախաձեռնությունը՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը, տնտեսական գործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համախմբումը։

«Ներկայացված բազմաթիվ խնդիրների թվում էր «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ Ըստ Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Եղիշե Հովհաննիսյանի՝ առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։ Թեեւ հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում և ներկայացվել համապատասխան ընթացակարգերի իրականացմանը, սակայն դեռ սպասում է վերջնական կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԱԳՄ տեղեկացմամբ՝ իր լուծմանը երկար սպասող հարցերից է նաև փոխադրումների ժամանակ թանկարժեք ապրանքների փաստաթղթավորումը։ ԵԱՏՄ շրջանակներում ուղիղ ինքնաթիռային թռիչքների առկայության պարագայում թանկարժեք ապրանքները մաքսային մարմինների կողմից չեն հայտարարագրվում և կապարակնքվում, նշագրում չի իրականացվում։ Ոսկերչական արտադրանքի և թանկարժեք քարերի փոքր ծավալների պայմաններում, ԵԱՏՄ անդամ երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների պատասխանատվությունը որոշակիացված չէ, մեծ է ինչպես կորուստների, այնպես էլ ապօրինի շրջանառության հավանականությունը։ ՀԱԳՄ խորհրդի անդամ Արտավազդ Յախշիբեկյանի ներկայացմամբ՝ երկրների միջև երկկողմ համագործակցության շնորհիվ խնդիրը գործնականում հաջողվել է կարգավորել, սակայն միասնական որոշում այդպես էլ կայացված չէ։

Ըստ աղբյուրի՝ բարձրացված հարցերը ներառում են «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ դրույթներին, ԱԱՀ-ի հաշվարկման ու վերադարձման անհարկի բարդացմանը, 25%-ից ավելի թնդության սպիրտային խմիչքների՝ ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաներով դեպի Ռուսաստան առաքման արգելքին, Միության շրջանակներում դեղերի գրանցման փոխադարձ ճանաչմանը, բեռնափոխադրումների դյուրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը և այլ ոլորտներին առնչվող խնդիրներ։ ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի գնահատմամբ՝ ինտեգրացիոն գործընթացներին խոչընդոտող խնդիրները շատ դանդաղ են իրենց հանգուցալուծումները ստանում, հաճախ դանդաղում է հարցերի քննարկման ընթացակարգը։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է տնտեսական ինտեգրացիայի ներուժին, դրան խոչընդոտող հանգամանքներին, ընդլայնման հնարավորություններին։

ՀԱԳՄ-ից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հայ գործարարներին շահագրգիռ մասնակցության համար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Բակիտջան Սագինտաևը նշել է, որ անընդունելի են առաջադրվող հարցերի քննարկման ձգձգումները։ Նրա խոսքով՝ ավելի լավ է միանգամից նշել, թե որ արգելքները կարելի է հաղթահարել ու գտնել ուղիներ, իսկ որոնք են անհնարին լուծել։ «Բոլոր դեպքերում մեր միասնական խնդիրն է զարգացնել անդամ երկրների տնտեսությունները, մեծացնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը, խորացնել ինտեգրացիոն գործընթացները, վերացնել դրանց խոչընդոտող գործոնները»,-նշել է նախարարը։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից բարձրացված հարցերը մանրակրկիտ քննության կառնվեն, կկազմակերպվի ևս մեկ համանման քննարկում՝ հարցերին գործնական լուծումներ տալու նպատակով։

Հայերեն

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ