ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ դաշնակահար Եվա Գևորգյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թին 2 կոնցերտը՝ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հուլիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Այս կոնցերտը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Ռախմանինովի ստեղծագործական ժառանգության մեջ: Շնորհիվ իր գեղարվեստական բարձր արժեքի, երաժշտական թեմաների գեղեցկության ու արտահայտչականության՝ այն դարձել է Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունը: Երաժշտական գրականության մեջ դժվար է գտնել խոշոր կտավի մեկ այլ ստեղծագործություն, որտեղ այս աստիճան գերիշխում է երգա-մեղեդային հենքը:
Կոնցերտի մենակատար Եվա Գևորգյանը միջազգային տասնյակ մրցույթների հաղթող է, 2021-ին դառնալով Շոպենի դաշնակահարների միջազգային մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆինալիստը՝ նրան անվանել են մրցույթի «հայտնություն»: Վերջերս Մոսկվայում կայացած Ռախմանինովի միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր է: Եվան հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Լյուցեռնի սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Աշխատել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոսթերի, Գերհարդ Ցիմմերմանի, Էդուարդ Թոփչյանի և այլոց հետ: 2019-ին ստացել է ICMA (International Classical Music Award) հատուկ մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում: 2020-ին Եվգենի Կիսինն ընտրել է նրան որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: 2021-ին արժանացել է «Yamaha ընկերության երիտասարդ արտիստ» կոչմանը:
Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը Եվա Գևորգյանը, որը կիսով չափ ռուս է, ասաց՝ միշտ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ իր երկրորդ հայրենիք: Նա նշեց, որ սիրով երաժշտասերների համար կկատարի Ռախմանինովի բարդագույն և շատ գեղեցիկ ստեղծագործությունը:
Համերգի երկրորդ բաժնում կհնչի Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը: Այն համերգի ծրագրում ներկայացվել է դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի առաջարկությամբ: Մանսուրյանը 2011-ին Ռեքվիեմը գրել է հենց Լիբրայխի պատվերով, որն էլ առաջին անգամ կատարվել է վերջինիս ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի կատարմամբ՝ Բեռլինում: Ռեքվիեմի ձայնագրությունը 2018-ի «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխության հավակնորդ է 3 անվանակարգերում՝ «Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիտոր»՝ Տիգրան Մանսուրյան, «Խորալ երաժշտության լավագույն դիրիժոր»` Ալեքսանդր Լիբրայխ և «Լավագույն ձայնագրություն»։
Ալեքսանդր Լիբրայխը խոստովանեց՝ ոգևորված և հուզված է, որ առիթ է ընձեռնվել Հայաստանում կատարելու Ռեքվիեմը, ստեղծագործությունը, որը պատկանում է հայերին ու նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այսօրվա փորձին Հայաստանի ազգային ֆրլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ ստացել ենք յուրահատուկ գույներ, ստեղծագործությունը բացահայտող տրամադրություն և երանգներ: Շատ գոհ եմ փորձից»,-նշեց նա:
Անդրադառնալով դաշնակահար Եվա Գևորգյանին՝ դիրիժորը նշեց, որ առաջին անգամ է հանդես գալու նրա հետ, սակայն դաշնակահարի մասին շատ է լսել:
Տիգրան Մանսուրյանն էլ կարևորեց իր և Լիբրայխի երկարատև համագործակցությունն ու մասնագիտական մտերմությունը՝ նշելով, որ այն վերածվել է բարեկամության:
Մանսուրյանի Ռեքվիեմի կատարմանը մասնակցում են Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) և Երևանի պետական կամերային երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինե Ոսկանյան), մենակատարներն են Մերի Մովսիսյանը (սոպրանո) և Ակսել Դավեյանը (բարիտոն):