ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ոլորտային 17 ընկերություն հունիսի 15-18-ը կմասնակցի Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն հանդես կգա «Հայաստան» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ կմասնակցեն միջոցառմանը՝ հնարավորություն ունենալով գրավել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների ուշադրությունն ու հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել: