ՀԱՊԿ արտգործնախարարները մտահոգված են միջազգային անվտանգության շարունակական վատթարացմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները Երևանում անցել են շատ կառուցողական և լավ մթնոլորտում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ միասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելով նիստի ամփոփիչ արդյունքները:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը:

Անդրադառնալով այս հարցին՝ Ստանիսլավ Զասը շեշտեց, որ իրավիճակն իսկապես բարդ է կոլեկտիվ անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում: Իսկ արևելաեվրոպական տարածաշրջանում, ըստ գլխավոր քարտուղարի, իրադրությունը գնալով վատթարանում է:

«Քննարկման արդյունքներով համաձայնեցվել և ընդունվել է փաստաթուղթ՝ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում արտգործնախարարները խոր մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության շարունակական վատթարացման կապակցությամբ: Փաստաթղթում արտահայտվել է անդամ պետությունների դիրքորոշումը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման և մեկ պետությունների անվտանգությունը մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին», - հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ընդունված հայտարարությամբ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը:

Ստանիսլավ Զասի խոսքով՝ վերոշարադրյալ կետերն արտահայտում են այն եզրահանգումների հիմնական էությունը, որոնք դրված են ԱԳ նախարարների համատեղ հայտարարության հիմքում:

Բացի այդ, նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այդ մասին մինչ Ստանիսլավ Զասի ելույթը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հարցի առնչությամբ Ստանիսլավ Զասը նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին փորձն այդ առումով Ղազախստանում հունվարին իրականացված խաղաղապահ առաքելությունն էր:

«Ըստ էության՝ դա մեր առաջին փորձն էր Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողության ընթացքում, երբ գործարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը: Դա լավ հող նախապատրաստեց այս ոլորտում մեր գործունեության կատարելագործման համար: Արտգործնախարարները տեղեկացրել են ինձ այն աշխատանքների մասին, որոնք արդեն իրագործվել են ՀԱՊԿ-ի մեր աշխատանքային մարմիններում, և մենք մտադիր ենք մոտակա ամիսներին մշակել փաստաթղթի նախագիծ այդ հարցի վերաբերյալ», - հաղորդեց Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և անձամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ինչպես ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկներ ներկայացնելու, այնպես էլ առհասարակ հյուրընկալության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար:

Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:

Արամ Սարգսյան

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ