Հիասթափված եմ միջազգային հանրության արձագանքից. Արցախի թեմի առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանն է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ԵՀԽ ներկայացուցիչներ Սյուզան Դարբերը՝ Մեծ Բրիտանիայից, Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը՝ Գերմանիայից, Կառլա Խիջոյանը՝ Շվեյցարիայից, Անի Ղազարյան-Դրիսին՝ Շվեյցարիայից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է Արցախի հարցի նախապատմությունը և ներկա իրավիճակը:

Սրբազան հայրը ներկայացրել է 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:

Վրթանես սրբազանը տեղեկացրել է, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ակտիվորեն աշխատում են երեխաների, երիտասարդների և հարազատներին կորցրած կանանց հետ: Թեմակալ առաջնորդը հայտնել է, որ հարազատներին կորցրած կանանց համար գործում է հատուկ վերականգնողական ծրագիր: Նաև ասել է, որ որպես հոգևորական՝ հիասթափված է միջազգային հանրության արձագանքից Արցախի պատերազմին՝ տեսնելով, թե ինչպես է հիմա լուսաբանվում Ուկրաինայի ճգնաժամը, և ինչպես են արձագանքում դրան: Նա նաև նշել է, որ Արցախում գործող ՌԴ խաղաղապահ զորակազմն արժանապատվորեն իրականացնում է իր առաքելությունը:

Պատվիրակության անդամները պատմել են, որ ուխտագնացության նպատակն է տեղում՝ եկեղեցիներում և համայնքներում, ծանոթանալ հավատակից քրիստոնյաների ցավերին, մտահոգություններին: Նրանց խոսքով՝ իրենք այցելում են հատկապես այն վայրերը, որտեղի բնակիչները ցավ և տառապանք են կրել: Հավաքագրած տեղեկությունները ներկայացնելու են ԵՀԽ կենտրոնական կոմիտեին, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան զեկույց նոյեմբերին կայանալիք համաժողովին ներկայացնելու և դրա ընթացքում անդրադարձ կատարելու նպատակով:

ԵՀԽ համաժողովն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Նման ուխտագնացություններ տարբեր խմբեր իրականացրել և իրականացնում են աշխարհի տարբեր մայրցամաքներում:

Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը:

Մինչև հունիսի 1-ը նախատեսված այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցելելու են Մասիս և Իջևան՝ ծանոթանալու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերին, իսկ Երևանում հանդիպելու են Արցախից տեղահանված ընտանիքների հետ:

Պատվիրակությունը նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու են Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Հայերեն Español Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել