Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 17-ին հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, եւ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքով՝ ներկայում ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:

Դիմիտրի Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում