Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Nouvelle d'arménie-ն, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է խորհրդարանում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ալիևի հայտարարությունները ձևով և բովանդակությամբ անընդունելի են՝ հայտնելով, որ այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։

Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադը և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակ են հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի նախագահը Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից ընթացիկ տարվա հունվարի 12-ի աղմկահարույց արտահայտություննների համար, որոնք նա արել էր Ֆրանսիայի նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի Հայաստան կատարած այցի արդյունքում: «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` վերջին [Լեռնային Ղարաբաղ] անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում